Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ Ռուսլան Գերեմեեւը մեղք չունի։ Չեչեն առաջնորդի խոսքով՝ սպանության պահին Գերեմեեւը սպանության վայրից շատ հեռու է եղել։
Քադիրովը կոչ է արել «իսկական թշնամիներին» փնտրել Ուկրաինայում եւ ԱՄՆ-ում։ Նա ընդգծել է, որ սպանության մեջ Գերեմեեւի մասնակցությունը չի քննարկվել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Գերեմեեւը Չեչնիայի ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի սպա է։ Ի սկզբանե նա անցնում էր Նեմցովի սպանության գործով որպես ֆիգուրանտ, սակայն այն բանից հետո, երբ ենթադրաբար լքել էր երկրի տարածքը, կասկածյալի կարգավիճակ էր ստացել։ Հայտնի է, որ նրան էր պատկանում բնակարանը, որտեղ ապրել է Նեմցովի սպանության հիմնական կասկածյալ Զաուր Դադաեւը։