ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր իր եւ Սամվել Ֆարմանյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նախ նա զարմացավ, որ Ֆարմանյանն արդեն այդ դրվագի մասին հայտնել էր լրատվամիջոցներին և ասաց.
«Դա իսկապես լավ չի և մեր ժողովուրդը լավ գիտե, թե նման պատահարների մասին առաջինը խոսողներին ինչ են ասում: Մեր ժողովուրդը շատ լավ գիտե: Բայց մյուս կողմից ես հասկանում եմ նրան, ըմբռնումով եմ մոտենում նրա հոգեկան վիճակին: Ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ, այնուամենայնիվ, ինքը նեղված է, նեղված լինելու իրավունք ունի, որովհետեւ մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ: Կարող եմ ասել, հաստատել` ելնելով օբյեկտիվությունից, որ իմ ոտքն անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները, ավելին` ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ոտքս խոստացել է, որ ապագայում նման արարքներ թույլ չի տա»,-ասաց Զուրաբյանը: