տուն Լուրեր Նազենի Ղարիբյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները

Նազենի Ղարիբյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները

149
0

«Ցավոք սրտի, ես մեկ բան տեսա, որ թատրոնների այդ ամբողջ բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում է մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել, եւ նա այսօր իշխանության անդամ է: Նրանց նպատակը մեկն է, որպեսզի թատրոններին չկպնենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական եւ քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որպեսզի իրենց ձեռք չտան: Իմ դեմ բողոքների մեծ մասը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ես այնտեղ ռեֆորմներ չանեմ, եւ իրենք կարողանան վերադառնալ իրենց ապօրինի գործողություններին: Ցավոք սրտի, դա իրենց մոտ ստացվեց»: Այս մասին «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:

Նախկին փոխնախարարը ձեռնարկել էր մշակութային հիմնարկների օպտիմալացման հարցը, ինչպես նաև մշակույթի ոլորտում բարեփոխումներ իրականացնելւո հարցը, ինչը տեղի չունեցավ, քանի որ մշակութի աշխարհը մեկ մարդու նման դեմ արտահայտվեց այդ խնդիրների լուծմանը: Նազենի Ղարիբյանի շուրջ ստեղծվեց սկանդալային իրավիճակ, բոլորը պահանջում էին մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրաժարականը:

Իսկ հիմա, երբ պարզ է, որ Ղարիբյանն այլևս չի զբաղվելու ՀՀ մշակույթի ոլորտի կուռացիայով, նա, այսպես ասած, օդի մեջ հայտարարություններ է անում և իշխանության մեջ գտնվող ինչ-որ մեկին մեղադրում փաստացի քրեական հանցանքի մեջ:

Նախ սկսենք նրանից, որ Ղարիբյանը՝ որպես իրավագիտակից քաղաքացի, իրավունք չունի նման հայտարարություն անելու և միաժամանակ չտալ անունն այդ մարդու, ով, ըստ նրա՝ օժանդակել է կոռուպցիային և քրեական պատմություններին:

Ավելին, Ղարիբյանն AraratNews.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե պետք լինի, ինքն այդ մարդու անունը կասի միայն վարչապետին: Տիկին Ղարիբյանը, սակայն, չի գիտակցում, որ հանցագործի կամ ենթադրյալ հանցագործի անունը ոչ թե վարչապետին պետք է տա, այլ ՀՔԾ-ին:

Նոր իշխանության մեջ շատ են այն մարդիկ, որոնք ունեն մի վատ, ցավալի կողմ: Նրանք չեն հասկանում, թե ի՛նչ ասել է խոսքի արժեք: Հիմա, երբ Ղարիբյանը, լինելով իշխող ուժի ներկայացուցիչ և նախկին փոխնախարար, ապա՝ նախարարի պաշտոնակատար, տեղյակ է ենթադրյալ հանցագործության և ենթադրյալ հանցագործի մասին, և եթե վերջինիս անունը չի տալիս, ապա նա պետք է մեղադրվի ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հոդվածով՝ «Հանցագործության մասին իմանալ և չհայտնելը», ժողովրդական լեզվով ասած՝ պարտակելը:

Այստեղ թերանում են նաև դատախազությունից: Երբ Ղարիբյանը նման հայտարարություն էր անում, դատախազությունն առերևույթ հանցանքի մասին խոսքը պետք է ընդուներ ի գիտություն և հանձնարարեր  քննչական մարմիններին, այս դեպքում՝ ՀՔԾ-ին,  վարույթ իրականացնել:

Ի վերջո, իշխանության ներկայացուցիչները մի կարևոր բան պետք է գիտակցեն: Նրանք այլևս ընդդիմություն չեն, և նրանց ասած ամեն բառն ունի իրավական և քաղաքական հետևանք: Այնպես որ, կա՛մ Ղարիբյանը պետք է հայտնի իր նշած ենթադրյալ հանցանքի մասին, կա՛մ դատախազությունն ուսումնասիրի և քննության իրականացման պատվեր իջեցնի ՀՔԾ-ին: