տուն Լուրեր Նախընտրական կրքեր Պոլիտեխնիկում

Նախընտրական կրքեր Պոլիտեխնիկում

124
0

politexnikՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը սարերի հետևում չէ. հունիսի 20-ը կարևոր օր է բուհի համար: Ռեկտորի թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը փաստում են՝ պատրաստ են հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին: ՀՅԴ անդամ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ լավատես է:

«Պատրաստել եմ համապատասխան հայեցակարգ, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում եմ բուհի մասին իմ տեսլականը, այսօրվա իրավիճակը, ինչպիսին են Բոլոնյան գործընթացի համատեքստում զարգացման հեռանկարները, ինչպիսին պետք է լինի ուսումնառության որակի նկատմամբ իրականացվող հսկողությունը, ինչպիսին պետք է լինի նյութատեխնիկական բազան, ուսանողակենտրոն ուսուցման գաղափարն եմ հիմքում դնում»,-նշեց նա:

Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ ինքը «դանդաղ է շտապում»: «Ես կտրուկ քայլեր անելու սովորություն չունեմ: Եթե ընտրվեմ, պետք է մտածեմ հաջորդ եկողների մասին, և հնարավորինս գտնեմ այն երիտասարդական ռեզերվը, որը կարող է ապագա պոլիտեխնիկի վարչակազմի հիմքը լինել»,-նշեց ռեկտորի թեկնածուն և հավելեց՝ չի բացառում, որ բուհում կադրային փոփոխություններ կլինեն:

«1964 թվականին մուտք եմ գործել Պոլիտեխնիկ որպես ուսանող, ամբողջ աշխատանքային գործունեությունս, բացառությամբ երկու դեպքի, կապված է Պոլիտեխնիկի հետ: 2006 թվականին ընտրվել եմ Պոլիտեխնիկի ռեկտոր, թողել եմ պաշտոնս տարիքային սահմանափակման հետևանքով: Ես ինձ համարում եմ Պոլիտեխնիկի հարազատ զավակը, և ուզում եմ օգտակար լինել իմ բուհին: Դա ինձ համարձակություն է տվել նորից հավակնել այդ պաշտոնին»,-հավելեց նա:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը շատ բարձր տրամադրությամբ է պատրաստվում գնալ ընտրության: «Ես սկսել եմ բուհում փոփոխություններ անել 1 տարի երկու ամիս առաջ, շարունակելու եմ սկսածս: Ընդհանրապես Պոլիտեխնիկն ամբողջությամբ սիրում եմ, Պոլիտեխնիկն ազգային արժեք եմ համարում: Ծրագրերը շարունական են, հավերժ, մեկ-երկու ռեկտորի գործ չէ, երկար աշխատանք է: Պոլիտեխնիկն անընդհատ պետք է արդիականանա: Եվ լաբորատորիաները, և մարզադահլիճները, և լսարանները պետք է արդիականանան: Երբ մի մասը հասցնենք վերջացնել, սկզբի արածը կհնանա: Գործընթացը հավերժ է»,-հավելեց նա:

Հարցին, թե ռեկտոր ընտրվելու դեպքում կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ, Թոքմաջյանը պատասխանեց, որ գոհ է իր թիմից:

«Ես կարծում եմ, որ դրա համար մեկ տարի ժամանակ ունեի, և ինչ գլոբալ փոփոխություն կար, արդեն արված է: Կա թիմ, որն աշխատում է, և կադրային փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Թիմն այդքա՜ն բան է կարողացել անել մեկ տարում»,-հավելեց նա: