«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը Նախախորհրդարանը իր սեփական շահերի համար է կազմակերպել: Այս մասին այսօր լրագրողների հետ քննարկեցին գրող Ռազմիկ Դավոյանը և պատմաբան Արգամ Այվազյանը: «Թուրքերը ինչ անում, չեն անում, դա նրանց գործն է: Իրենցից բարոյականություն սպասելը շատ սխալ բան է: 100-ամյակը իրենց սեփական կարիքների համար օգտագործելը ավելի վատ անբարոյականություն է, քան թուրքերի արածը»:
Պատմաբան Արգամ Այվազյանը հայտնեց, որ Ցեղասպանության 100-ամյակը Նախախորհրդարանը շահարկում է: «Եթե ես կարճ ասեմ, թե ինչ եմ մտածում այս կազմակերպության մասին, ապա ասեմ, որ չի կարող ոչ մի քաղաքական ուժ օգտագործի 100-ամյակը: Ի՞նչ է նշանակում հայ ժողովրդի այս կամ այն խնդիրները շահարկել: Հայաստանի Հանրապետության իշխանությունները և կառավարությունը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ միասին պետք է քննարկեն հայ ժողովրդի խնդիրները: Մեզ ինչ-որ նախախորհրդարաններ պետք չեն: Մենք ունենք հայ ժողովուրդ, որը պետք է լուծի իր հարցերը՝ համախմբվելով կառավարության և իշխանության հետ»:
Ապրիլի 24-ին մենք խոսելու կարիք չունենք, հայտնեց գրող Ռազմիկ Դավոյանը: «Ես չեմ կարծում, որ մերոնք շատ խոսելու կարիք ունեն: Նրանք, ովքեր առաջին անգամ են գալու Հայաստան, նրանք պետք է խոսեն իրականում: Եթե Հայաստանը արժանապատվություն չունենա, հռչակագրին տիրություն չանի, չիրագործելով ամեն մի կետը, ապա մեր բարեկամները, հնարավոր է, հիասթափվեն ու այլևս չգան: Ժողովուրդն ինքը պետք է թույլ չտա, որ նախախորհրդարանի նման կազմակերպությունները Ապրիլի 24-ը հարամեն»: