Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները:
Oգոստոսյան ամենամյա համաժողովը վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի 2014-2015 թվականների ուստարվա արդյունքների շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ զեկուցողի` 2014-2015 ուսումնական տարվա ավարտին մարզում գործող 125 հանրակրթական դպրոցներում սովորել է 28 հազար 980 աշակերտ, այդ թվում՝ մարզային ենթակայության 117 դպրոցներում՝ 26 հազար 643 աշակերտ եւ ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 1 հիմնադրամում (Ծաղկունքի բաց դպրոց) եւ 6 ավագ դ պրոցներում՝ 2 հազար 337 աշակերտ:
Համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների, համայնքների ղեկավարների, իրավասու կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններ եւ, ըստ դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկատվության, մարզում չեն եղել հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելուն, որի արդյունքում շուրջ 200 երեխաներ ապահովվել են հագուստով եւ գրենական պիտույքներով: 2 հազար 963 առաջին դասարանցիներ, գործող կարգի համաձայն, չեն գնահատվել, իսկ համապատասխան դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ ծնողների համաձայնությամբ` 25 աշակերտ մնացել է դասընթացը կրկնելու:
Բանախոսն անդրադրձավ նաեւ կրթության ու մշակույթի ոլորտում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներին:
Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա տնօրեններին ներկայացրեց այն կարեւոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀ Աժ-ն օրենք է ընդունել, ըստ որի, սկսած 2017 թվականից, պարտադիր հանրակրթության տեւողությունը մեր երկրում կլինի 12 տարի:
«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3.5-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարեւորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաեւ տեղեկացրեց Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի նախագծի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրեց նաեւ դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը եւ դրա հիմքերը:Գեղարքունիքի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշեց տարրակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել:
Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը մի քանի լավ լուր հաղորդեց հանդիպման մասնակիցներին. մասնավորապես, առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ա վագ դպրոցներին եւ խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին, կտրվեն նաեւ համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն:
Համաժողովի վերջում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադրարձավ առկա խնդիրներին ու բացթողումներին, դպրոցաշինական աշխատանքներին: «Այս տարի եւս Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին իրականացվելիք դպրոցաշինական ծրագրում ընդգրկված է չորս դպրոց, որոնցից երեքը վթարային են եւ մեկը կիսավթարային: Եւս 2-3 տարի, եւ մենք մարզում այլեւս վթարային դպրոցներ չենք ունենա: ԿԳՆ ԾԻԳ-ի կողմից 10 նախակրթարանում եւս շինարարական աշխատանքներ են իրականացվելու»,- հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: