տուն Լուրեր Նախարարը Հայաստանում «օրենքով գողերի» ներդրումների մասին (տեսանյութ)

Նախարարը Հայաստանում «օրենքով գողերի» ներդրումների մասին (տեսանյութ)

23
0

Եթե դուք ինձ հարցնում եք որպես տնտեսագետի՝ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է ներդրումների հոսքը Հայաստան: Այսպիսի պատասխան տվեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ ներդրողների ակումբի անդամ, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը կապում են «օրենքով գողերի» հետ:

«Եթե ինձ հարցնում եք որպես իրավաբանի՝ չափազանց կարևոր է այդ ներդրումների ծագումը, որպեսզի հետագայում խնդիր չառաջացնի այլ ուղղություններում: Եթե դուք ինձ հարցնում եք որպես կառավարության անդամի, ապա ես հստակ մի բան կարող եմ պատասխանել՝ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս ներգրավել շատ միջոցներ՝ ապա այդ բոլորը պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանը միացել է «փողերի լվացման» և ապօրինի շրջանառության դեմ միջազգային կոնվենցիաներին, թույլ տվեք այդ շրջանակներում քննեն իրավասու մարմինները, բայց որպես կառավարության անդամ՝ ես կոչ եմ անում բոլորին՝ ներդրումներ իրականացնել երկրի ներսում: Առաջին հերթին, իհարկե, բնապահպանության ոլորտում, որովհետև, իմ խորին համոզմամբ, ցանկացած երկիր, որն ունեցել է զարգացման լուրջ առաջընթաց, առաջին հերթին բարելավված շրջակա միջավայր է ունեցել»,- ընդգծեց նախարարը:

Դիտարկմանը, որ մի՞թե դա չի ազդում երկրի իմիջի վրա. «Ինձնից ի՞նչ պատասխան եք ուզում ակնկալել, իսկ դուք բոլոր անձանց մասին ունե՞ք այդպիսի տեղեկատվություն: Այդ հարցին նախ ես չպետք է պատասխանեմ, որովհետև ես նշեցի` որպես կառավարության անդամ  ինձ համար չափազանց կարևորը որն է՝ երկրում շատ ներդրումներ և օրենքի տառին համապատասխան»: