Կառավարությունը նախատեսում է 5 մարզային բժշկական կենտրոններ հավատարմագրային կառավարման հանձնել: Այս մասին երեկ Լոռու մարզի Դեբեդ համայնքում ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ այժմ ծրագիրը քննարկման փուլում է, երբ կայացվի որոշումը, կաշխատեն այդ սկզբունքով:
«Վանաձորի բժշկական կենտրոնն այդ 5 կենտրոններից մեկն է: Այսինքն՝ դեռ վերջնական որոշում չի եղել, եթե որոշումը կայացվի, կհայտարարվի մրցույթ, և բաց մրցույթով, եթե որևէ մեկն ուզենա այդ կենտրոնի համակարգումը ստանձնել պետության կողմից դրված պայմաններով երկարատև ժամկետով կառավարման, դա կարող է անել»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես մարզային հիվանդանոցների շենքային վատ պայմաններին և այլ խնդիրների, Թորոսյանը նշեց. «Շատ քիչ այդպիսի հիվանդանոցներ կան իրականում, հիվանդանոցների մեծ մասը կամ հիմնանորոգվել է, կամ կառուցվել 0-ից: Հենց հիմա կառուցվում է Սևանի հիվանդանոցը, կառուցվելու է Մարտունիում և Վայոց ձորում, Արտաշատինն է արդեն վերջանում, Վանաձորինն էլ արդեն պրակտիկորեն պատրաստ է, այսինքն՝ այդ խնդիրը՝ շենքային պայմանները, պրակտիկորեն արդեն լուծված է: Իսկ խնդիրներ շատ կան՝ սկսած կադրերից վերջացրած ֆինանսական միջոցներով»:
Էմմա Հովսեփյան