ՄԱԿ-ում նախագահի կողմից հնչեցին մի շարք կարևորագույն գաղափարներ, որոնք հնչեցնելու ճիշտ ժամանակն էր: Araratnews.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նախագահի կողմից հնչած` «գրողի ծոցին վավերացնեն» արտահայտությունը արտացոլում է ընդհանուր բնակչության պատկերը: Թուրքիան իր պահվածքով, իր ապակառուցողական քաղաքականությամբ, վերջին տարիներին այնպես է արել, որ նման արտահայտությունը դարձել է հրամայական: Այս երկիրը սատարում է ահաբեկչական Ադրբեջանին, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ոչ միայն չի ճանաչում, այլ նաև խոչընդոտում է դրա ճանաչմանը, որն էլ Ցեղասպանության շարունակությունն է: Թուրքիան փորձում է փոխկապակցել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Ինչպես նշեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը, չկա որևէ ուղղություն, ուր Թուրքիան իրեն պահի որպես նորմալ ադեկվատ պետություն, հետևապես այդ արտահայտությունը պետք է հնչեր»:
Շողիկ Գալստյան