Հինգշաբթի նավթի գները սկսում են անկում գրանցել` նախօրեին ավելի քան 2%-ով աճից հետո, որը պայմանավորված էր հինգ շաբաթ անընդմեջ երկրում վառելիքի պաշարների նվազման մասին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների հրապարակումով:
Շուկայի մասնակիցները, այդուհանդերձ, այնքան էլ չեն հավատում գների հետագա կայուն աճին` հաշվի առնելով շուկայում հումքի բարձր առաջարկը:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում առավոտյան նվազել է 0,6%-ով` մինչև 1 բարելի դիմաց 51,54 դոլար:
Մինչդեռ չորեքշաբթի` հունիսի 10-ից ի վեր առաջին անգամ, Brent տեսակի նավթի արժեքը բարձրացել էր 1 բարելի դիմաց 52 դոլար նիշից:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սակարկությունների ընթացքում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսային արժեքը նվազել է 0,6%-ով` մինչև 1 բարելի դիմաց 49,51 դոլար: