Մեզանում արտահանման և ներկրման ծավալներում նկատվում է առևտրաշրջանառության նվազում: Եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջում տրանսֆերտները կնվազեն 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի շրջանակում, ինչն էլ նշանակում է, որ տնտեսությունը ևս կթուլանա: Նման կանխատեսումներ այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ապա տնտեսագետը նկատեց, որ սա պայմանավորված է երկու գործոնով՝ նավթի գների նվազմամբ և դոլարի մուտքերով:
«Դրամը դեռևս պայմանականորեն կմնա կայուն, իսկ թե ինչքան կարժեզրկվի՝ կախված է դոլարի մուտքերից: Եթե դրանք քիչ լինեն, դրամի արժեզրկումը զգալի չի լինի, իսկ եթե դոլարի մուտքերը շատանան, ապա արժեզրկումն անխուսափելի է»,-նշեց Խաչատրյանը:
Նավթի գների նվազման մասով տնտեսագետն ընդգծեց, որ մինչև դեկտեմբեր Իրանի դիրքերը շուկայում կամրապնդվեն, ինչն իր հերթին ավելի կնպաստի շուկայում նավթի գների նվազմանը:
«Նավթի գնի ամենացածր արժեքը գրանցվել է 2008-2009 թթ.: Դրա արժեքը 40 ԱՄՆ դոլարից էլ ցածր էր: Հիմա Brent տեսակի նավթի գինը 45-46 ԱՄՆ դոլար է, իսկ WTI-ինը՝ 40-41 դոլար: Սա լուրջ ցուցանիշ է համաշխարհային տնտեսության մեջ, որը համաշխարհային ճգնաժամի կարող է հանգեցնել»,-եզրափակեց բանախոսը: