2015-ը և 2016-ի հունվարը մեղմ ասած անհաջող ժամանակահատված էր Ադրբեջանի տնտեսության համար: Պատճառը անշուշտ միայն նավթի գները անկումը չէր, որը պարզապես արագացրեց ադրբեջանական տնտեսական համակարգի խարխլման գործընթացը: Անկախ նավթի գների անկումից, այսպիսի իրավիճակ պետք է որ մի քանի տարի հետո ստեղծվեր Ադրբեջանում, որը պայմանավորված կլիներ նավթի արդյունահանման ծավալների անկումով և տնտեսության ընդերքում ձևավորվող «պայթունավտանգ արկերով»:
Ընդամենը 6-7 տարի առաջ, հայ փորձագետների այն կանխատեսումները, որ Ադրբեջանում շատ շուտով նավթի ծավալների անկում է լինելու, իրականանում է, թեև մի փոքր ավելի շուտ և արագ տեմպերով սկսվեց այդ անկումը, քան կանխատեսվում էր: Նավթի արդյունահանման ծավալների անկման տեմպերի մեծացումը շուտով ավելի ակնհայտ կլինի:
Պարզապես նշենք, որ 2015թ.-ին նավթի արդյունահանումը կազմել է 41,6 մլն տոննա, իսկ անկումը կազմել է 436 հազար տոննա: Իսկ 2010-2015թ.-երի ընթացքում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են՝ մոտ 9 միլիոն տոննայով (2010 թ.-ին այն կազմել էր 50,7 մլն տոննա): Սա արդեն միտում է, ոչ թե տեխնիկական կամ վթարներով պայմանավորված կրճատումներ, ինչպես սիրում են ներկայացնել ադրբեջանցիները:
Սակայն վերադառնանք, տնտեսությանը: 2015թ.-ի և 2016թ.-ի հունվարի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները թույլ են տալիս կարծիք հայտնել, որ այս երկրում ռեցեսիա է սկսվել և այն շարունակվելու միտում կունենա, եթե նույնիսկ նավթի գները բարձրանան: Ստեղծված իրավիճակի ներկայանալիս, հիմնվելու ենք բացառապես այդ երկրի պաշտոնական վիճակագրական տվյալների վրա: Քանի որ, ադրբեջանական ազգային արժույթը կրկնակի արժեզրկվել է այս ընթացքում, ապա նպատակահարմար կլինի, որ ցուցանիշները և տոկոսային փոփոխությունները ներկայացվեն և′ մանաթով, և′ դոլարով, քանի որ դոլարային արտահայտությամբ իրականությունը մի փոքր այլ պատկեր է ստանում:
Վերը նշված «ականներից» մեկը, բացի նավթի գներից, դա ադրբեջանցիների հպարտությունը՝ «գյոզալ մանաթն» էր: Նախ, 2015 թ.-ի ընթացքում, ադրբեջանական մանաթը արժեզրկվեց մոտ 2 անգամ: Եթե 1 ամերիկյան դոլարը 2014 թ.-ի դեկտեմբերի վերջին կազմում էր 0,78 ադրբեջանական մանաթ, ապա դրանից ուղիղ մեկ տարի հետո կազմել է՝ 1,55 մանաթ:
Մանաթը, առաջին անգամ դեվալվացիայի ենթարկվեց փետրվարին՝ 33 տոկոսով, կազմելով 1,04 մանաթ 1 դոլարի համար: Իսկ երկրորդ անգամ ավելի հուժկու, մանաթը արժեզրկվեց 2015թ.-ի դեկտեմբերին, որտեղ ևս, համարյա կեսով չափ իր արժողությունը կորցրեց: Մինչև 2016 թ.-ի հունվարի կեսերը ճնշումները շարունակվում էին մանաթի վրա և այն շարունակվում էր արժեզրկվել և չնայած Ադրբեջանի ԿԲ-ը դեռևս դեկտեմբերին հայտարարել էր ազատ լողացող փոխարժեքի անցման վերաբերյալ, մեծ դժվարությամբ հաջողվեց այն կայունացնել և հավանաբար ոչ առանց Ադրբեջանի ԿԲ-ի կողմից ուղղակի միջամտությունների: Հետաքրքիր է, որ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ նույնպես մանաթը արժեզրկվել է՝ եվրոյի նկատմամբ մոտ 85 տոկոսով, իսկ ռուբլու նկատմամբ 100 տոկոսով: Այս ամենի արդյունքում, ԿԲ-ի արտարժույթի պահուստները 2015թ.-ի ընթացքում նվազել են 8,7 մլրդ. դոլարով, հասնելով 5 մլրդ. դոլարի: Իսկ 2014 թ.-ի դեկտեմբերին արտարժութային պահուստները կազմել էին՝ 13,7 մլրդ. դոլար:
Սրանով, պայթեց ադրբեջանական «տնտեսական հզորության» միֆերից մեկը, այն, որ մանաթը աշխարհի ամենակայուն արժույթներից մեկն է և դրա ուժը պայմանավորված է նավթով և հսկայական ծավալի արտարժութային ռեզերվներով, ռեզերվներ, որոնք ընդամենը 1,5 տարվա ընթացքում 3 անգամ նվազեցին:
Սակայն ճիշտ են ադրբեջանցիները մի բանում, որ իսկապես, ադրբեջանական տնտեսության հիմքերից մեկը, նախևառաջ մանաթն էր, որի կրկնակի արժեզրկումը, համարյա կաթվածային վիճակի էր հասցրել Ադրբեջանին և այս հանգամանքը դեռևս շարունակելու է վերաֆորմատավորել ադրբեջանական տնտեսությունը իր բացասական հետևանքներով հանդերձ, որը կարելի է բնորոշել արդեն «նոր տնտեսական իրականություն թույլ մանաթով»:
Թեև մանաթի արժեզրկումը, նախևառաջ նավթային եկամուտների նվազման հետևանքն էր, սկզբից նշենք, թե միայն մանաթի արժեզրկումը ինչ ցնցումների առաջ կանգնեցրեց Ադրբեջանին:
-Առաջին, ուժեղ ճնշում եղավ իրական սեկտորի վրա, որը տարիներ շարունակ սովորել էր ուժեղ ազգային արժույթին: Ադրբեջանում նախ չկարողացան օգտվել արժեզրկված մանաթի մրցակցային առավելություններից, պարզապես այն պատճառով, որ ձևավորված տնտեսական համակարգը դա թույլ չի տալիս:
-Երկրորդ, ուժեղ ճնշում եղավ նաև ֆինանսաբանկային սեկտորի վրա, մանաթի արժեզրկման արդյունքում փողի շուկան կրճատվեց: Տնային տնտեսությունների և գործարարների պարտքային բեռը զգալիորեն ավելացավ արժեզրկման արդյունքում, քանի որ դոլարով վարկերի հետվերադարձման խնդիրներ առաջացան, որոնց պատճառով նաև Ադրբեջանի բանկերը խոցելի դարձան: Բանկերը դարձան ավելի զգույշ և կաշկանդված իրենց վարկային քաղաքականություն իրականացնելիս: Դոլարի նկատմամբ պահանջարկը աճում է: Բանկային համակարգի վարկերի ծավալները մանաթով նվազեցին, քանի որ բանկերը գերադասում էին դոլարով վարկեր տրամադրել և ընդհանրապես բանկային համակարգը խստացրեց վարկեր տալ, որը նույնպես ազդեց տնտեսական ակտիվության վրա: Վարկերի ծավալը նվազեցին 6,2 միլիարդ դոլարով կամ 26 տոկոս նախորդ տարվա համեմատ: Բանկային համակարգի նկատմամբ ցածր վստահություն ձևավորվեց: Բանկային համակարգը սեղմվում է, բանկերը սննկանում են կամ կուլ գնում մեծերի կողմից:
-Երրորդ, նվազեցին բնակչության եկամուտները և գնողունակությունը: Ներկրվող ապրանքների գները ավելացան, որը նույնպես բացասական ազդեց բնակչության կենսամակարդակի վրա: Հիշեցնենք, որ վերջին տարիներին եկամուտները անընդհատ աճում էին, ապա դա կտրուկ նվազեց 2015թ.-ին: Եթե բնակչության 1 շնչին ընկնող եկամուտները մանաթով արտահայտված ունեցել են 4,5 տոկոս աճ, ապա ամերիկյան դոլարով արտահայտված նվազել են՝ մոտ 25 տոկոսով: Միջին ամսեկան աշխատավարձի միտումները նույնպես այդ համաչափությամբ են փոփոխվել, եթե 2015 թ.-ին միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 450 ամերիկյան դոլար, 2014 թ.-ին այն եղել է 596 դոլարի համեմատ:
-Չորրորդ, տնտեսական ակտիվության անկման պատճառով, աշխատանքի շուկան նույնպես մեծ վնասներ է կրում, տեղի են ունենում զանգվածային կրճատումներ: Շատ ձեռնարկություններ այդ պատճառով բանկրոտի ենթարկվեցին, տասնյակ հազարավոր աշխատողները գործազուրկ դարձան:
-Հինգերորդ, մանաթի արժեզրկումով, Ադրբեջանի արտաքին պետական պարտքի սպասարկման բեռը գրեթե կրկնապատկվեց:
Եթե, ադրբեջանիցները հոգեբանորեն պատրաստ չէին մանաթի տապալմանը, ապա նավթային եկամուտներից բխող հետևաքններին վաղ թե ուշ գոնե սպասում էին, իհարկե ոչ այդքան շուտ և ոչ նավթի գների անկման պատճառով: Այնուամենայնիվ, նավթի գների անկումը և մանաթի արժեզրկումը իրենց հերթին պատճառ դարձան, որ՝
-Ադրբեջանի ՀՆԱ-ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազեցին համապատասխանաբար 27 և 30 տոկոսով՝ ամերիկյան դոլարով արտահայտված: Այսպիսով, 2015 թ.-ին ՀՆԱ-ն կազմել է 54,3 մլրդ. դոլար, այն դեպքում, երբ 2014 թ.-ին այն կազմել է՝ 74,2 մլրդ. դոլար: Սակայն մանաթով արտահայտված, ՀՆԱ-ն ունեցել է 1,1 տոկոս աճ 2015 թ.-ին: Իսկ 2016թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի հետ համեմատած տեղի է ունեցել ևս 3,3 տոկոս անկում: Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 2428 դոլարով, 2014 թ.-ի 7986 դոլարից հասնելով՝ 5558 դոլարի:
-Նավթային եկամուտների նվազման արդյունքում, 2015թ.-ին նավթային սեկտորի տեսակարար կշիռը տնտեսության կառուցվածքում նվազեց հասնելով 31 տոկոսի, իսկ ոչ նավթային սեկտորը հասավ 69 տոկոսի: Սակայն, այստեղ տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, առավել ևս ոչ նավթային սեկտորում, դա ավելի շուտ բուտաֆորիա է, որը երկար ժամանակ քարոզվում էր:
— Կրճատվել են, նաև բյուջեի ծախսերը և եկամուտները, թե′ մանաթով, թե′ դոլարով արտահայտված: Բյուջեի ծախսերը մանաթով արտահայտված նվազել են 4,9 տոկոսով, իսկ եկամուտները 6,8 տոկոսով: Ըստ ադրբեջանական Center for Economic and Social Development կենտրոնի, բյուջեի եկամուտները նվազել են՝ 11,8 տոկոսով, իսկ ծախսերը՝ 15,7 տոկոսով: Դոլարով արտահայտված, մի քանի անգամ ավելի մեծ ցուցանիշների մասին է խոսքը գնում: Հիշեցնենք, որ երկար ժամանակ, տնտեսական աճի հիմնական խթանը եղել է բյուջեի բարձր ծախսերը: Բյուջեի դեֆիցիտը նույնպես աճել է նախորդ տարիների համեմատ:
-Նավթային պետական ֆոնդի (Sofaz) եկամուտները բնականաբար պետք է նույնպես նվազեին: 2015 թ.-ին նավթային ֆոնդի ակտիվները կազմել են՝ 34,7 մլրդ դոլար, նախորդ տարվա 37,1 մլրդ դոլարի համեմատ: Նախատեսված էր, որ եկամուտները կազմելու են 13 մլրդ. դոլար, սակայն փաստացի դրանք կազմել են նախատեսվածի մոտ 50-55 տոկոսը: Նավթի գինը հաշվարկվել էր 90 դոլարով, սակայն միջինը եղավ 53 դոլար: Արդյունքում, նավթային պետական ֆոնդից փոխանցումները դեպի պետական բյուջե նվազել են 4,27 մլրդ դոլարով կամ 35,2 տոկոսով նախորդ տարվա համեմատ և կազմել են 7,7 մլրդ դոլար:
-Ըստ Ադրբեջանի մաքսային ծառայության տվյալների, 2015 թ.-ին արտահանման ծավալները կազմել է 11,4 մլրդ. դոլար, իսկ ներմուծումը՝ 9,2 մլրդ. դոլար: 2014 թ.-ին արտահանումը կազմել է 21,8 մլրդ դոլար: Այսինքն արտահանումը նվազել է 47,6 տոկոսով, իսկ ներմուծումը աճել է 0,37 տոկոսով: Թեև արտաքին առևտուրը ունեցել է դրական հաշվեկշիռ, որը կազմել է 2,2 մլրդ. դոլար, սակայն 2014 թ.-ի առևտրի դրական հաշվեկշիռի համեմատ այն քիչ է եղել 5,7 անգամ, որը կազմել էր 12,2 մլրդ. դոլար:
-Նավթային գների նվազման պատճառով, նվազեցին նաև ներդրումները: Ամբողջ տարվա ընթացքում, ուղակի ներդրումները ֆիքսված կապիտալում անկում են գրանցել, որը կազմել է մանաթով արտահայտված 11,1 տոկոս: Ըստ ադրբեջանական cesd.az-ի վերլուծությունների, ամերիկյան դոլարով արտահայտված ներդրումները նվազել են 28,3 տոկոսով, որտեղ արտաքին և ներքին ներդրումները նվազել են 14,5 և 38,3 տոկոսով համապատասխանաբար: 2015 թ.-ին 20 մլրդ. դոլարի ներդրում է եղել, որի 39 տոկոսը կամ 8 մլրդ. դոլարը ուղղվել է նավթային ոլորտ:
Ինչ վերաբերվում է 2016թ.-ի հունվարի տվյալներին, ապա տնտեսության անկումային տրամադրությունները շարունակվել են: Հունվարին, մանաթով արտահայտված, ավելի շատ թվով մակրոտնտեսական ցուցանիշներ են անկում գրանցել, քան նույնիսկ 2015 թ.-ի ընթացքում է եղել: Նախորդ տարվա հունվարի համեմատ, ՀՆԱ-ն նվազել է 3,3 տոկոսով, իսկ ոչ նավթային հատվածի ՀՆԱ-ն 3,7 տոկոսով: Նվազել են նաև ուղակի ներդրումները 23,2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 3,1 տոկոսով, տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալները նվազել է 5 տոկոսով, սպառողական գները աճել են՝ 13,6 տոկոսով:
Խուսափելով, Ադրբեջանի տնտեսությանը կործանում կանխատեսող բնորոշումներից, որոնք լցված են հայկական մամուլով, սակայն, այս ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ այս երկրում ռեցեսիա է, որը տևական ժամանակ կշարունակվի: Անշուշտ, նավթի գների անկումը և մանաթի արժեզրկումը, դրանք Ադրբեջանի տնտեսական վտանգների միայն այսբերգի վերևին մասն են: Մյուս խորքային «ականները», որոնք են՝ սոցիալական և տնտեսական տարբեր ինստիտուցիոնալ կառույցների բացակայությունը, թերզարգացվածությունը կամ անհամաչափությունը, այլևս դժվարությամբ են պասիվ վիճակում մնալով՝ որպիսի չվնասեն Ադրբեջանի տնտեսության հարաբերական կայունությանը, կայունություն, որը պարզապես պահպանվում էր նավթային հսկայական եկամուտների հաշվին:
Ս.Մանուկյան