Ռուսաստանի ոչ համակարգային ընդդիմությունը պատրաստվում է հսկայական երթ իրականացնել այս տարվա մարտի 1-ին։ Այն լինելու է հակաճգնաժամային, սակայն հիմնական պահանջներից մեկը լինելու է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դադարեցումը։ Այս մասին իր էջում ասել է ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին։
Նա կոչ է արել միանալ «Գարուն» հակաճգնաժամային երթին։ «Երթի գաղափարը շատ պարզ է՝ նրանք, ովքեր Կրեմլում են, չեն հաջողել և չեն հաջողի։ Նրանք ունեին 15 տարի և երեք տրիլիոն դոլար, որոնք ստացվել են մեր բնական պաշարների վաճառքից։ Ժամանակը վատնվել է, գումարները՝ նույնպես։ Երեկ Ռուսաստանի վարկանիշը մինչև «աղբային» նվազեցնելը մեզ վերադարձնում է 2005 թվական․․․ Նման պետությունն ուժեղ չի կարող լինել», — ասել է Նավալնին։