ՆԱՏՕ-ն կշարունակի փնտրել հնարավոր ուղիներ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելու համար: Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքերն է փոխանցում «Труд» թերթը:
Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղար Յենս Սոլթենբերգը այս օրերին գտնվում է Բուլղարիայում, ուր պաշտոնական այցով ժամանել է առաջին անգամ:
«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր քայլը, որն ուղղված է իր անդամ երկրի անվտանգությունն ապահովելուն, ըստ էության, համարվում է պաշտպանական գործողություն և չի կարող սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի համար:
Մենք գտնում ենք, որ ի վիճակի ենք համագործակցել ռուսական կողմի հետ մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնց շարքում պետք է առանձնացնել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Ավելի քան 20 տարի աշխատել ենք, որպեսզի կառուցողական հարաբերություններ ստեղծենք Ռուսաստանի հետ, ինչը մեզ համար շատ կարևոր է: Բայց ռուսական կողմն ինքն էլ պիտի ձգտի դրան: Ես կարող եմ հավաստիացնել, որ չենք ցանկանում առճակատման գնալ Ռուսաստանի հետ:
Ուժեղ ՆԱՏՕ-ն ամենևին չի հակասում Ռուսաստանի հետ երկխոսության գործընթացին: Հակառակը՝ երկխոսությունն ու պաշտպանությունը իրար փոխլրացնում են»,- հարցազրույցում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Վերջինս նաև շնորհակություն է հայտնել բուլղարական իշխանություններին Աֆղանստանում և Կոսովոյում կազմակերպության առաքելություններին սատարելու համար՝ հավելելով, որ Բուլղարիան հավատարիմ դաշնակից է: