Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Որոշում կայացվեց վերոնշյալ հարցով ենթահանձնաժողով ստեղծել:
Քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը հարցրեց, թե «Նաիրիտ»-ը ՀՀ-ի, թե՞ ինչ-որ մեկի սեփականությունը, քանի որ, նրա խոսքով, եթե իրենք չկարողանան բաժնետիրոջը գտնել, իմաստ չկա այդ հանձնաժողովի ստեղծել:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ, ինչը գտնվում է ՀՀ-ում՝ ՀՀ սեփականությունն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք էլ են կողմ, որ ստեղծվի այդ հանձնաժողովը, սակայն, նրա խոսքով, ցանկալի կլիներ, որ այն ստեղծվեր ԱԺ-ի որոշմամբ:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց, թե ենթահանձնաժողովն ի՞նչ ժամկետներում է կազմակերպում իր աշխատանքները և արդյոք այդ աշխատանքներին կմասնակցեն գիտական, հասարակական ոլորտի, ինչպես նաև «Նաիրիտ»-ի ներկյացուցիչները:
Ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց, որ ենթահանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն մինչև 2015 թվականի սեպտեմբերը:
«Իսկ ինչ վերաբերում է ՀԿ-ների, գիտական ոլորտի և «Նաիրիտ»-ի ներկայացուցիչների մասնակցությանը, ապա առանց դրա չենք էլ կարող»,-ասաց Այվազյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքն այդ ենթահանձնաժողովի ստեղծումը ճիշտ է համարում: