տուն Լուրեր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ անգամ իդեալական ԸՕ-ի դեպքում կեղծիքներ հնարավոր են

Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ անգամ իդեալական ԸՕ-ի դեպքում կեղծիքներ հնարավոր են

90
0

Naira-Zohrabyan

ՀՀ Ազգային ժողովում սկսվել են ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի  նախագծի վերաբերյալ քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են ԸՕ-ի նախագծում: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիմնական զեկուցողին հարց տալուց առաջ ասաց՝ իրենց համար ակնհայտ էր, որ 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումը չէր հանգեցնելու կոնսենսուսի:

«Մեզ համար պարզ էր, որովհետև քաղաքական ուժերը մեզ մոտ առաջնորդվում են բացարձակ այլ քաղաքական մոտիվացիաներով: Այդուհանդերձ, ասացիք՝ ԲՀԿ-ի առաջարկը՝ միասնական փաստաթղթով՝ ID քարտով մասնակցելը, խիստ ծախսատար է: Չե՞ք կարծում, որ ընտրական համակարգը երեք ձևի փաստաթղթերով, միչև 2008թ-ը տպած անձնագրերով, որի դեպքում նկարը չի կարդալու, մանիպուլյացիայի տեղ է  թողնում»,- Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ԲՀԿ ղեկավարը: Տիկին Զոհրաբյանը փորձեց հասկանալ նաեւ, թե ինչու են ի սկզբանե կանխորոշում՝ դոնոր կազմակերպությունները կտա՞ն գումարը, թե՞ ոչ: Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելուն, որին իշխանությունները դեմ չեն, սակայն ասում են՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները բյուջեից չեն հատկացվելու:

«Ի՞նչն  է խանգարում մեզ՝ ԱԺ խմբակցություններին,  գոնե մի քանի հարցերում, որոնց հետ կապված թվում է, թե կա կոնսենսուս (տեղամասերում տեսանկարահանում,  ընտրությանը մասնակցելու միասնական փաստաթուղթ) դիմել դոնոր կազմակերպություններին: Եթե իրենք կմերժեն, կասեն՝ հնարավոր չէ, այդ ժամանակ արձանագրենք, որ հնարավոր չէ»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը:

Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ օրենսգիրքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է  քաղաքական կամք:

«Եթե մենք ունենանք ամենաիդեալական օրենսգիրքն էլ, միևնույն է, այն շրջանցելու տարբերակներ գտնվելու են, եթե իրապես չկա մտադրություն գոնե մեկ անգամ երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու: Այս առաջարկները մեզ համար վերին աստիճանի ճշմարտություն չեն», -ընդգծեց նա՝ հավելով, որ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու մոտիվացիան չեն տեսնում եւ դա են վկայում նաեւ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: