տուն Լուրեր ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ստեփանակերտը շեշտը կդնի հետաքննության մեխանիզմի ներդրման վրա

ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ստեփանակերտը շեշտը կդնի հետաքննության մեխանիզմի ներդրման վրա

118
0

Davit-Babayan3

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցերով պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս փուլում կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ակնկալելը ճիշտ չէ, որովհետև Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները, իր ապակառուցողական քաղաքականությունը»,-­ասաց Դավիթ Բաբայանը: Կարևորելով համանախագահների այցը տարածաշրջան` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն հետաքրքիր է լինելու, որովհետև երեք համանախագահներից երկուսը նոր են: «Որևէ բեկում պետք չէ ակնկալել: Այս այցելությունն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրելու: Պետք է այցելեն Հայաստան, Արցախ, մենք իհարկե, ներկայացնելու ենք Ադրբեջանի կողմից խախտումները վկայող փաստերը, ապացույցները: Դա միշտ է արվում տարբեր խողովակներով: Փետրվարի 24-­26­-ը տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ապացույցները, գնահատականները ներկայացվել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այնպես, որ այս գործընթացը շարունակվում է»,- ­ասաց Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ համանախագահների հետ հանդիպմանը խոսվում է տարբեր հարցերի շուրջ` կապված տարածաշրջանի իրավիճակի, առկա խախտումների հետ: Արցախը ևս մեկ անգամ հատուկ շեշտը դնելու է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի վրա: Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Դավիթ Բաբայանը նշեց, որ այս մարտի 13-­ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, գրանցվել են միջին քանակությամբ խախտումներ: