ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ամսական ուսումնասիրություն ՀՀ-ում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում: «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Ընդ որում, դրանցից 47 անվանում ունեցող դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Մուրադյանը նաև նշեց, որ Ազգային ժողովում 1-ին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից հնչեցված շուրջ 40 հարցերից բացի ստացվել են շուրջ 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և կատարվել են համապատասխան փոփոխություններ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախարարին և պատկան մարմիններին ուշադիր լինել. «Չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի շուրջ 65 %-ը, որպեսզի դիրքերի չարաշահում չլինի»: