տուն Լուրեր Մուղանի խաչմերուկի շուկայի չլուծվող խնդիրն ու մահվան ելքով վթարները (լուսանկարներ)

Մուղանի խաչմերուկի շուկայի չլուծվող խնդիրն ու մահվան ելքով վթարները (լուսանկարներ)

26
0

23318549_1302179939894376_1821384784_n

Արմավիրի մարզում շատ գյուղացիներ բերքը վաճառելու նպատակով առևտուրն իրականացնում են հենց իրենց հողամասին մոտ Երևան-Արմավիր մայրուղու որևէ հատվածում: Ավտոճանապարհն ավելի բանուկ է հատկապես Մուղանի խաչմերուկ կոչվող հատվածում, որը վերջին տարիներին շուկայի է վերածվել: Հարակից գյուղերի, նաև այլ մարզերի բնակիչներ իրենց առևտուրն այստեղ են անում: Գյուղացիները պնդում են, որ հիմա ապրանքը լավ չի վաճառվում, իսկ քանի որ ճանապարհի նշված հատվածը բավականին բանուկ է, անցնող-դարձողներն էլ շատ են, այդտեղ ավելի լավ է առևտուր լինում:

Թեև ճանապարհի այդ հատվածում առևտուր անելը գյուղացիների համար շահավետ ու հարմար է, ավելորդ գումար չեն վատնում ճանապարհածախսի վրա, տեղի վարձ էլ չեն տալիս, սակայն այդ հատվածում ստացված բերքը լցնելն ու վաճառելը բավականին վտանգավոր է և խանգարում է երթևեկությանը:

Արմավիրի մարզի Հովտամեջի (Մուղան) գյուղապետ Արմեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով խնդրին, նշեց, որ բազմաթիվ անգամներ է փորձել հորդորել գյուղացիներին, որ զգույշ լինեն և ճանապարհը շատ չփակեն, բայց արգելել նրանց, որ հենց այդտեղ իրենց բերքը վաճառեն` անկարող է:

«Էդ ճանապարհի աջ մասը մեր գյուղինն է, մյուս մասը` կողքի գյուղինը: Էն ժամանակ, ով էդտեղ հողամաս ուներ, իր հողամասից բերքը հավաքում էր ու հենց էդտեղ էլ վաճառում էր: Էս էլ կլինի 2-3 տարի, որ սաղ Հայաստանից` մեր մարզից, դաժե Ապարանից էլ գալիս են էստեղ: Ես գիտեմ, որ ըտեղ ընդհանրապես շուկային հարմար տեղ չի, ավտոները որ կանգնում են տրասին, շատ վտանգավոր ա, բայց ես ոչ մի բան չեմ կարա անեմ»,- բողոքեց գյուղապետը:

Հարցին` արդյոք թույլտվություն կա՞ իրենց կողմից, որ կարող էն այդ հատվածում առևտուր անել գյուղացիները, համայնքապետն ընդգծեց. «Իմ կողմից թույլտվություն չկա, բայց ես չեմ էլ կարա արգելեմ, որ ըտեղ առևտուր չանեն: Հիմա կոնկրետ հողատերը իրա ապրանքը հանել ա էնտեղ ու ծախում ա, ասեմ` մի ծախի: Առանց էդ էլ ապրանքը մի եսիմ ինչ գնի չի: 30 դրամով կանաչի են ծախում, կարող ա օրը մի 3000 դրամի ծախեն, ես էդ մարդուն ո՞նց ասեմ` գնա շուկա, ճանապարհածախս տուր, տեղի փող տուր… էլ տակն իրան բան չի մնա»:

Արմեն Սարգսյանը նաև հավելեց, որ Մուղանի խաչմերուկում առևտուրը նաև իր համար է դժվարություններ ստեղծում: Ստիպված է լինում ամեն օր այդտեղ գալ` իրավիճակը վերահսկելու համար: Նա ընդգծում է, որ նշված վայրում առևտուր անելը ոչ միայն խանգարում է երթևեկությանը, այլ նաև մեծ քանակությամբ աղբ է հավաքվում, որը ստիպված է լինում համայնքը մաքրել. «Սկի ես իմ ապրանքը ըտեղ չեմ ծախում, Մեյմանդար եմ տանում, մի օր չկա, որ ասեմ` մի մեշոկ կարտոշկա եմ ծախել: Բայց ըտեղի զիբիլն ինձ արդեն հերիք ա: Ամեն անցնող-դառնողը զանգում ա` գյուղապետ, ըտեղ զիբիլ ա, էնքան ա կուտակվում, բայց ես ոչ մի բան չեմ կարա անեմ, 10-15  օրը մեկ տեխնիկան գնում ա, էդ զիբիլը հավաքում ա: Մեկ-մեկ էլ իրանք են հավաքում, ո՞վ ա պարտական ամեն օր գնա»:

«Էն ժամանակ կանաչիները որ բերում էին, լրիվ տրասի վրա էին շարում, կռվով-դավով ժողովրդին մի կերպ համոզել եմ, որ իջնեն ներքևի մասում ծախեն: Վտանգավոր ա, որ հենց շոշի վրա են լինում, մեքենաները կանգնում են մի դաստա կանաչի առնելու համար: Հիմա ես ամեն օր պայքարում եմ, որ շոշի վրա ապրանք չդնեն, էլ չգիտեմ` ինչ անեմ: Ասել եմ, որ եթե նման բան անեն, յաշիկները կվերցնեմ, կշպրտեմ: Ես խնդիրը հասկանում եմ, որ անվտանգություն չկա, էն մի օրը որ վթար եղավ, էդ ծախողներից շատերի համագյուղացին էր, բայց ինչ կարամ անեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում իրադրությունը մի փոքր մեղմացնելու համար, արագաչափ տեղադրեն, բայց դիմումներին դեռ արձագանք չի եղել. «10 անգամ արդեն արագաչափի համար գրություն եմ գրել, ոստիկանություն անցած տարվանից ամեն անգամ երկու-երեք գրություն ուղարկել եմ: Ասում են` հիմա արագաչափ չունենք, ռաստամոժկա պետք ա անենք, էս պետք ա անենք, էն պետք ա անենք: Գոնե էդ արագաչափը դրությունը մի քիչ կմեղմացնի: 150 արագությամբ որ գալիս-գնում են, գոնե ոտքը գազից կվերցնեն»:

Նշենք, որ Երևանից Արմավիր գնացող այդ ճանապարհահատվածին  Մուղանի խաչմերուկից մոտ 2 կմ հեռավորության վրա Արշալույս գյուղի շուկան է` ավելի մեծ տարածքով ու համապատասխան հարմարություններով ու ամենակարևորը` անվճար, սակայն շատ քիչ գյուղացիների կարելի է այնտեղ տեսել: Պատճառաբանությունը նույնն է՝ այնտեղ լավ առևտուր չի լինում:

Խնդրի հետ կապված մենք դիմել ենք թե ՀՀ ոստիկանություն, թե տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, հույս ունենալով, որ կկարողանանք գերատեսչությունների ուշադրությունը հրավիրել, սակայն երկու տեղերից էլ նշեցին, որ իրենք իրավասու չեն որևէ քայլ ձեռնարկել: Եվ որքան էլ գյուղապետը ընդգծում էր, որ ինքը ոչինչ չի կարող անել, վեր նշված վայրերից նշում էին, որ ամբողջ պատասխանատվությունը համայնքապետարանինն է, և միայն նրանք կարող են արգելել կամ թույլատրել:

Փաստորեն` հարցը լուծել բոլոր հնարավոր մարմինները հրաժարվում են` անվտանգության ապահովման պատասխանատվությունն էլ առկախ թողնելով:

Հավելենք, որ Մուղանի խաչմերուկում գյուղացիներիկ առևտրի և անուշադրության պատճառով միայն այս աշնանը երկու վթար է եղել, որոնցից մեկը` մահվան ելքով:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ