Տարիներ շարունակ քանդվել և քանդվում են Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները, Հին Երևանը կորցնում է իր դիմագիծը: Եվ ահա՝ այսօր սա ոչ միայն մտահոգվելու, այլև կոնկրետ քայլերի է մղում մի խումբ մտավորականների, որոնք տևական լռությունից հետո որոշել են բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ թույլ չտալով, որ քանդվեն Աբովյան-Պուշկին-Նալբանդյան հատվածում դեռևս գոյություն ունեցող հին շինությունները: Դեմ չլինելով նոր շենքերի կառուցմանը՝ մտավորականները միաձայն պահանջում և կոչ են անում՝ դադարեցնել հին շենքերի քանդման գործընթացը, պահպանել ու վերականգնել հինը, այլապես քաղաքն իր արժեքը կկորցնի: Ասում են՝ իրենք ևս մեղքի իրենց բաժինն ունեն, որ լռել են, ավելի շուտ չեն համախմբվել, բայց համոզված են՝ հաղթելու են այս պայքարում:
«Եկել ենք սեր խոստովանենք մեր քաղաքին։ Մեր քաղաքը միշտ եղել է կենդանի օրգանիզմ, կենդանի շունչ, որը կարոտում է, նեղանում, հիասթափվում։ Այդ քաղաքի դիմանկարը մենք ենք։ Էսօր քաղաքը կարիք ունի թիկունքի, եթե էսօր չկարողանանք պաշտպանել մեր քաղաքի արժանապատվությունը, ապա մեր էստեղ մնալը… Մեր քաղաքի դիմանկարն աղավաղված է։ Ես հասկանում եմ, որ Երևանը պետք է փոփոխվի, բայց ինչի՞ հաշվին։ Քաղաքաշինության փոխարեն շենքաշինություն է։ Շենք կառուցելու ու գումար վաստակելու մոլուցքը դարձել է քաղաքի դիմանկարը: Մեր շարժումը հաղթական ավարտ կունենա։ Այդ կարգախոսով ենք եկել»,- իր մտահոգություններն արտահայտեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:
Նրա մտահոգություններն ամբողջությամբ կիսեց դերասան Հրանտ Թոխատյանը. «Վերցնենք Հյուսիսային պողոտան։ Գուցե դա ասօրվա երիտասարդների համար հաճելի վայր է, բայց ինձ մի կարևոր բան է պակասում։ Ոչ թե այն «ճենճն» եմ ուզում հիշել, այն խարխուլ շենքերը, որոնք ամբողջովին առնետանոց էին։ Պարզապես ամեն ինչը պետք է անել շնորհքով ու կարգին։ Ժամանակին Թամանյանը եկավ ու վայելք տվեց իմ քաղաքին։ Եկեք այդ դեմքն անիմաստ չշպարենք։ Բնականն ավելի գեղեցիկ է։ Վարդագույն Երևանը կորել է։ Ինչ այլանդակ գույն ասես՝ կա։
Ամեն շենքի համար պայքարելը կապրիզ չէ: Ասօր իմ Երևանը վտանգի տակ է, ուրեմն ես իմ Երևանը պետք է պաշտպանեմ՝ ումից ուզում է լինի, ինչպես ուզում է լինի, եթե դա էլ չկարողանանք անել՝ անիմաստ է այն ամենն, ինչ այստեղ խոսում ենք»:
Քննարկմանը ներկա մյուս մտավորակնները՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, լրագրող, վերլուծաբան Մարկ Գրիգորյանը, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, երգիչներ Արամոն, Արթուր Իսպիրյանը, Լիլիթ Պիպոյանը, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը ևս դեմ արտահայտվելով տեղի ունեցող, ինչպես իրենք են նշում բարբարոսություններին, ցավով փաստում են՝ քանդվող շենքերի հետ կորցնում են իրենց հուշերը:
«Ինձ ասում են` ինչու՞ չես գնում արտասահման։ Պատասխանում եմ, որ հիշողություններ ունեմ քաղաքի հետ կապված։ Բայց եթե Երևանի դեմքը կորի, արժեքն էլ կկորցնի»,- նշեց լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:
Արթուր Իսպիրյանն էլ ընդգծեց՝ չնայած վստահեցնում են՝ հինը պահպանելու են, փորձը, սակայն, հակառակն է ցույց տալիս. «Ասում են` ուզում ենք Հին Երևան կառուցել, բայց այն, ախր, պատրաստ կա, քանդելով չեն կառուցում, և փորձն էլ ցույց տվեց՝ քանդած քարերը գնում—կորչում են, ոչ ոք չի պահպանում դրանք»:
Դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեցի՝ ի՞նչ քայլերի է պատրաստ, քանի որ լինելով ավագանու անդամ՝ ունի հնարավորություն հարցը բարձրացնելու նաև այդ հարթակում:
«Այստեղ ներկաները ստորագրել են պահանջագրի տակ, կդիմեմ նաև նրանց, ովքեր այստեղ չէին, բայց համակարծիք են ու այդ արձանագրությամբ կներկայանամ ավագանու նիստին և կբարձրացնեմ այս հարցը»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց դերասանն ու հավելեց. «Եթե բոլորս միասին լինենք, շատ ավելի հեշտ կլինի: Ես ուրախ եմ, որ վերջապես բոլորս հավաքվեցինք, վստահ եմ՝ մեզ էլի մարդիկ կմինանան»:
Շողիկ Գալստյան