Araratnews.am-ի զրուցակիցն է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը:
—Պարո՛ն Մովսիսյան, Ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված՝ քննարկումներ են ընթանում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների փորձագետների հետ: Ինչպե՞ս կգնահատեք ԸՕ-ի նախագծի մշակման այս նախնական փուլը:
-Իրականում ոչ մի քննարկում էլ չկա: ԸՕ-ն ներառում է հայաստանյան բոլոր ընտրությունների համակարգը՝ ներպետական ընտրություններ, Ազգային ժողով, տեղական ինքնակառավարման երկու մարմինները՝ համայնքի ղեկավար և ավագանի: Մեզ համար պետք է պարզ լիներ՝ Սահմանադրությանն ինչպիսի ուղղություններ տրվել է, այդ ուղղություններով էլ հետագայում պետք է օրենքները զարգանային: Չեմ ուզում պետական հատվածի ընտրություններից խոսել, որովհետև դրա մասնագետը չեմ, իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ-երին, մենք սահմանադրական դրույթ ունենք, որ ընտրությունները համայնքի ղեկավարի մասով կարող են լինել ուղղակի կամ անուղղակի, իսկ ավագանու մասով Սահմանադրությունը դիտարկում է ՏԻմ ավագանու ընտրությունները ինչպես անհատական առաջադրմամբ (մեծամասնական), այնպես էլ համամասնական, երբ ավագանին կընտրվի կուսակցական դաշինքով կամ քաղաքացիական նախաձեռնությամբ: Հիմա ոչ ոք չգիտի, թե Սահմանադրության այս դրույթներն ինչին են վերաբերում: Եթե միայն այն փաստն է, որ Երևանում ընտրություններն այդպես են անցկացվում ու դրա համար է ներառվել Սահմանադրությունում, ապա դա խնդիր է, իսկ եթե մենք մտադիր ենք համայնքներում անցնել նմանատիպ ընտրությունների, ինչպիսին Երևանում է, սա այլ հարց է: Չունենալով այս բոլորը՝ շատ կարևոր է ունենալ քաղաքական տեսլականի ներկայացում, որ գոնե հասկանանք՝ մեր քաղաքական այրերը, իշխող քաղաքական ուժը ո՞նց է պատկերացնում Հայաստանում տեղական ինքնակառավարման հետագան: Եթե դա չեն անում, ապա գոնե Ընտրական օրենսգրքի համապատասխան գլուխը մշակելուց հնարավորություն ընձեռեն լայն շրջանակներին մասնակցել ու կարծիք հայտնել, ինչը ցավոք չեն անում: Խիստ մտավախություն ունեմ, որ կընկնենք Սահմանադրության ընդունման նույն դաշտում, երբ երկու-երեք անկապ քննարկումներ արեցին 9-րդ գլխի վերաբերյալ և ուղարկեցին ԱԺ, որտեղ էլ 5- րոպեանոց ելույթներ արեցին ու ասացին՝ վերջ, ընդունվել է,: Ուզում ես՝ քեզ սպանի, բայց ոչ մի բան փոփոխել կամ շտկել հնարավոր չեղավ: Նույնն էլ կարող է սա լինել. կներակայացվի պատրաստի նախագիծ, գալչկայի համար քննարկում կլինի ու կլսենք, որ ընդունվեց: Իսկ քաղաքական լուրջ մոտեցումը նրանում է, որ հիմնական քննարկման առարկան միշտ դառնում է պետական հատվածը: Եթե դահլիճում լինեն 50 հարց տվող, դրանցից 49-ը հարցնելու են՝ վարչապետի, կուսակցությունների ու ԱԺ-ի ընտրությունների մասին, որոնք ավելի գլոբալ հարցեր են և մարդկանց ուշադրությունն էլ սրանց վրա է: Տեղականի մասով հարցադրումներ չեն լինում, դրա համար կարևոր է , որ նախագիծը քննարկվի առանձին-առանձին գլուխներով ու համապատասխան մարմինների հետ:
—Ձեր մտահոգությունն այն է, որ քննարկումներն այդքան էլ բաց են չե՞ն ընթանում:
-Քննարկում չի եղել մինչև հիմա: Ես հասկանում եմ, որ մշակման փուլում է: Փորձագետները մշակում են, և վստահ եմ՝ որակյալ փորձագետներ են, բայց չեմ կարծում, որ իրենց գիտական պաշարն այնքան է, որ տեղականն էլ այդպես հաջող կգրեն: Բայց ինչո՞ւ այսօր մարդկանց չներգրավվել այդ հանդիպումներին, զրուցել համայնքի ավագանու անդամների, ղեկավարների հետ: Այս մասով կարծում եմ՝ լուրջ պրոբլեմ ունենք:
—Իսկ ի՞նչ առաջարկներ կամ մտահոգություններ ունեք:
-Տեղական ինքնակառավարման ընտրական համակարգում Սահմանադրության հետ քաղաքական պրոբլեմը երկու տեղ է՝ մեկը վերաբերում է համայնքի ղեկավարի ոչ ուղղակի ընտրություններին, մյուսը՝ համայնքներում միայն համամասնական սկզբունքով ավագանու ձևավորմանը: Այսինքն՝ մենք ունենում ենք համամասնական ցուցակներ, ընտրողները այդ ցուցակների կուսակցություններին կամ դաշինքներին ձայն են տալիս, հետո ձայների համամասնությամբ ավագանու կազմում հաշվարկվում է տեղերի թիվը: Սա բավական տարածված պրակտիկա է, բայց իր մեջ ներառում է վտանգ: Եթե դա անում ենք Երևանում կամ Գյումրիում, որոնք համեմատաբար մեծ թվով բնակչություն ունեն, կարող է զարմանալի չլինել, բայց այսօր կան համայնքներ, որ բնակչության քանակն այնքան քիչ է, որ համամասնական ընտրակարգով իրականացնել ընտրություններ նույնն է, ինչ տապալել այդ ավագանու դերը: Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի ընտրություններին, ապա գործող տարբերակով այդ ղեկավարին ընտրում է բնակչությունը, ինքը հաշվետու է բնակչությանը, իսկ համամասնականով, եթե ուզում եմ դառնալ համայնքի ղեկավար, ապա պետք է գտնեմ կուսակցություն, որի գաղափարներն ինձ մոտ են, եթե կուսակցական չեմ, պայքարեմ, որ կուսակցությունն ինձ ներառի իր ավագանիների ցանկում, ջանքեր գործադրեմ, որ իմ հետ ընտրված ավագանու անդամներն ինձ առաջադրեն, ապա աշխատեմ ընտրվելու համար: Այս դեպքում ո՞ւմ եմ պատասխանատու, իհարկե նշված կուսակցական թիմին ու ավագանուն և ոչ թե ժողովրդին: Սրանք են տարբերությունները, որոնց ուղղությամբ պետք է խոսել: