Այսօր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրառում էր կատարել, որում նշում է. «2020 թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար։ «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար: Համեմատության համար նշեմ, որ 2019 թ. այդ գումարը $6.4 մլն. էր, 2018-ին` $6.80 մլն, 2017-ին` $26.41 մլն, 2016-ին` $23.10 մլն»:
Քաղաքագետը Araratnews.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ի վարչակազմի կողմից տրամադրվող գումարի նվազման մի շարք պատճառներ նշեց։
«Պատճառներից ամենակարևորը՝ Թրամփի վարչակազմի համար արտաքին օգնությունը առաջնահերթություն չէ այլևս, որովհետև նրա համար առաջինը Ամերիկա կոնցեպտն , և այս առումով բնական է, որ արտաքին օգնության ծավալները պետք է կրճատվեին, մանավանդ այն պետությունների համար, որոնք առաջնահերթություն չեն Միացյալ Նահանգների համար։
Այսօր Միացյալ Նահանգների համար շատ քիչ պետություններ կան, որ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն կամ առաջնահերթություն են։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա, այո՛, Հայաստանի օգնությունը վերջին 2-3 տարիներին մոտավորապես 6-7 մլն դոլարի գումար է «Foreign Assistance» ծրագրի խողովակով, իհարկե, այլ ծրագրեր էլ կան, օրինակ՝ Կոնգրեսի կողմից տրամադրվող գումարը։ Բայց դա վարչակազմի առաջնահերթությունը չէ, դա Կոնգրեսի ցանկությունն է, և, բնականաբար, նաև լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունք է, ինչը պետք չէ մեկը մյուսի հետ համեմատել»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի կողմից Հայաստանին հավելյալ 40 մլն գումար տրամադրելու նախագծին, քաղաքագետը պատասխանեց․ «Նախագիծը կա, բայց դրա վերաբերյալ որևէ որոշում չկա, այնպես որ, պետք է սպասել՝ հասկանալու համար, թե արդյոք նախագիծը կհաստատվի՞ նաև Վերին պալատի, այսինքն՝ Սենատի կողմից, քանի որ հաստատել է միայն Ներկայացուցիչների պալատը»։
Իսկ ի՞նչ օգնություն են ստանում Միացյալ Նահանգներից մեր հարևանները, արդյոք նրանց տրամադրվող գումարնե՞րն էլ են նվազել: «Վրաստանը, իհարկե, այլ պատմություն է, որովհետև Վրաստանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է, և Վրաստանին տրամադրվող օգնությունը մշտապես ամենամեծն է եղել ծավալի առումով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն նույնպես կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանը։ Ադրբեջանին ևս մեծածավալ ֆինանսական աջակցություն է տրամադրվում։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը լուրջ օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Աֆղանստանի քաղաքականության իրագործման հարցում, և այս առումով ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Եվ ինչպես Ջոն Բոլթոնը նշեց իր տարածաշրջանային այցի ժամանակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական նշանակություն ունեցող գործընկերներ են Միացյալ Նահանգների համար, իսկ Հայաստանը՝ բարձր առաջնահերթություն ունեցող»։
Քաղաքագետն անդրադարձավ նաև հայկական պատվիրակությունների, մասնավորապես, Արարատ Միրզոյանի, Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերջին այցերին․ «Ավինյանի այցի օրակարգում ՄԱԿ-ն էր, և այնտեղի իր գործընկերների հետ էր հանդիպումներ ունենում։ Արտգործնախարարը հանդիպումներ ունեցել է նաև պետդեպարտամենտում պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ, բանակցություններ եղել են։ Իսկ Արարատ Միրզոյանի այցը եղել է Կոնգրեսում, վստահ եմ՝ քննարկվել է Կոնգրեսի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության հնարավորությունը, բայց գոնե այսօր որևէ նորություն չունենք, թե արդյոք Սենատում կողմ կքվեարկեն Ներկայացուցիչների պալատի ներկայացրած բանաձևին։ Հարկավոր է սպասել արդյունքներին։ Բայց այն, որ վարչակազմը մեզ այդքան գումար է տրամադրում, իհարկե շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Սարգսյանը։