Պատմամշակութային ժառանգության հսկայկան կորուստ ենք ունեցել ողջ պատմության ընթացքում, իսկ վերջին 100 տարվա կտրվածքով` առավել ևս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
«Մենք մշակութային մեծ ժառանգություն ենք ստացել, բայց վերաբերմունքն այդ ամենին եղել է ոչ պատշաճ: Չկա լիարժեք ցանկագրություն մշակութային ժառանգության վերաբերյալ հատկապես Արևմտյան Հայաստանի և Սփյուռքի: Չկա հետազոտություն այն մասին, թե որտեղ ինչ է կառուցվել և ինչ ավերվել»,- հայտնեց Արգամ Այվազյանը:
Նրա խոսքով` կան առանձին տարածքների վերաբերյալ ուսումնասիրություններ, բայց ոչ ամբողջական:
«Արևմտյան Հայաստանում մոտավոր հաշվարկներով մինչև 1915թ-ը ունեցել ենք 180 000 հուշարձաններ, որոնցից 96-97 տոկոսը կորստյան են մատնվել»,- ասաց բանախոսը:
Ինչպես տեղեկացրեց նախիջևանագետը, մեր հարևաններից միակ երկիրը Իրանն է, որտեղ մեր հուշարձանները պահպանվում և անգամ վերականգնվում են նշված պետության միջոցներով:
«1960-ական թվականներից մոտավարոպես 6-7 հուշարձան է վերականգնվել Իրանի տարածքում, որից 3-ը ներառվել է Յունեսկոյի ցանում Իրանի նախաձեռնությամբ»:
Արգամ Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ մեր հուշարձանապահպան կազմակերպությունները այս մոտեցմամբ չեն կարողանա ոչ միայն ՀՀ տարածքի հուշարձանների պահպանության խնդիրը լուծել, այլ նաև` դրսի:
«ՀՀ-ում այժմ կա 24 000 հուշարձաններ, որոնց մի մասը տրված է եկեղեցուն օգտագործման համար, իսկ պետական պահպանության, ոչ օտարման ենթակա հուշարձանների թիվը 19 000-ից ավել է », — ասաց բանախոսն ու հավելեց` պետությունը պետք է մշակի ծրագիր խիստ վթարված հուշարձանները պահպանելու համար: