Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից մշակման փուլում է «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրը, որը միտված է զբաղվածության խթանմանը և աղքատության հաղթահարմանը։
Ծրագիրը նախատեսում է աշխատաշուկային առնչվող ծրագրերի համակարգում, դրանց արդյունավետության բարձրացում, այդ թվում` ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, նոր ծրագրերի մշակում, առկա ծրագրերի մասին մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Երկարաժամկետ կտրվածքով ծրագիրը միտված է կառուցվածքային գործազրկության կանխարգելմանը կրթական ծրագրերի վերանայման, փաստերի հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև աշխատաշուկայի նոր քաղաքականության մշակման միջոցով։ Ծրագիրը մեկնարկելու է ս․թ․ մայիսին հայեցակարգի և ճանապարհային քարտեզի հրապարակման միջոցով։