«Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների այս հարաբերություններն ինձ համար անհասկանալի են»-, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Հանրապետական կուսակցությունը գիտենք, որ օլիգարխիկ կառույց է: Այդ կուսակցությունն իրեն հռչակել է ազգային պահպանողական կուսակցություն: Կարելի է ասել` սա մեծահարուստների Հայաստանում աճած քաղաքական կազմակերպություն է, այսինքն` աշխատավորական կառույց չէ: Ասացի, որ ազգային, իսկ եթե ազգային, ուրեմն՝ աջ կենտրոնի կուսակցություն է: Ի տարբերություն Հանրապետականի, Դաշնակցությունը սոցիալիստական ծրագիր է որդեգրել և դարձել սոցիալիստական կուսակցություն՝ դրանով դառնալով ձախ կենտրոնի կուսակցություն: Հիմա ինձ համար աջ և ձախ կուսակցությունների համատեղումն անհասկանալի է»:
Բանախոսի խոսքով՝ իշխանությունը Դաշնակցության նման ընդդիմադիր կուսակցությանը ուզում է ընդդիմադիրների շարքերից հանել.«Այս դաշինքում մի կողմում առևտրական կապիտալն է, մյուս կողմում՝ աշխատավոր զանգվածը. դաշնակցության հիմնը ասեմ՝ մշակ բանվոր, ռանչպար ախպեր: Հիմա` մշակ բանվորին ամուսնացնում են օլիգարխիայի հետ:
90-ականներին Դաշնակցությունն այնպիսի ընդդիմություն դարձավ՝ ոչ միայն իր գաղափարով, այլ նաև՝ կառույցով: Իսկ եթե այդ կառույցը ընդդիմանա, իշխանությունը դա չի մարսի և այդ պատճառով շարքից դուրս է բերում: Իսկ դրա համար իշխանությունը պաշտոններ է տալու, որի մասին շարքային դաշնակցականը չի էլ մտածում. դա ինչ որ բան տալիս է միայն դաշնակցության վերնախավին»: