«Պետք է միավորել ջանքերը՝ երեխաներին աջակցելու և նրանց իրավունքները պաշտպանելու գործում»,- այս մասին նշել է Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը և նշել, որ մոտեցումները պիտի լինեն կշռադատված՝ երեխաներին չվնասելու համար:
Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացման անհրաժեշտությունը և խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն քաղաքականություն: Հայաստանյան արշավի նպատակն է նվազեցնել մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՍՕՍ մանկական գյուղերի տնօրեն Աշոտ Քոչարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Գայանե Վարդանյանը և «Սեյվ դը չիլդրեն»-ի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել հնգամյա քարոզարշավի կազմակերպման նպատակը, խնդիրները և հրավիրել նրան մասնակցելու հանրային արշավի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք պաշտոնական մեկնարկին:
ԱԺ նախագահը նշել է, որ պետք է նախապատրաստել հասարակությանը, կրթության միջոցով հասնել հանրության առջև ծառացած խնդիրների լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քաղաքացիական հասարակությանը մտահոգող հարցերին տալ լիարժեք լուծումներ: