ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան կոչ է արել անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որպեսզի քննարկվի Իրաքի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները։
Բոկովայի պաշտոնական նամակի պատճառ է հանդիսացել նախօրեին համացանցում հայտնված այն տեսանյութը, որում «Իսլամական պետության» գրոհայինները ավերում են Մոսուլում հնությունների թանգարանի ցուցանմուշները, այդ թվում 3000 տարվա պատմություն ունեցող ասորական արձանները։
«Ես խորը ցնցված եմ այն տեսանյութով, որում պատկերված են արձանների և Մոսուլի թանգարանի այլ ցուցանմուշների ավերումը։ Ես դա որակում եմ որպես Իրաքի հազարամյա պատմության և մշակույթի դեմ ոտնձգություն և որպես փորձ հրահրելու բռնություն և ատելություն», — ասել է Բոկովան։
Ըստ Բոկովայի՝ սա նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2199 բանաձևի խախտում է, որով քննադատվում է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նմուշների ոչնչացումը։