Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Մոսկվայում, Oriflame-ի գլխավոր գրասենյակի մոտ, հավաքվել են ընկերության մոտ 20 աշխատակիցներ և հաճախորդներ: Աշխատակիցները հայտնում են, որ գրասենյակի դռները փակվել են առավոտյան ժամը 10-ին, իսկ ոստիկանական համազգեստով մարդիկ նրանց ասել են, որ այսօր ոչ ոքի ներս չեն թողնելու:
Հաղորդվում է, որ գրասենյակի տարածքը շրջափակված չի և տարածքում ամեն ինչ հանգիստ է:
Ընկերության կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Բոլշակովը լրագրողներին հայտնել է, որ առավոտվանից չի կարողանում գրասենյակ բարձրանալ:
«Երբ ես եկա շենքի մոտ և փորձեցի բարձրանալ վերև, ինձ ասացին, որ մուտքը փակ է: Ինձ խնդրեցին ներկայանալ և տալ իմ համակարգչի գաղտնաբառը , երբ ես չհամաձայնեցի և խնդրեցի ինձ ներս թողնել՝ մերժեցին և հիմա ես դրսում եմ մնացել»,-պատմել է Բոլշակովը:
Շենքից դուրս եկած աշխատակիցները պատմել են, որ ուժայիններն ընկերության IT ծառայության աշխատակիցների հետ շրջում են հարկերով և համակարգիչներից տեղեկատվություն են հանում: