«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման: Արդեն իններորդ տարին է Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին:
Այն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:
Այս տարի «Մոլորակի ժամ»-ը տեղի կունենա մարտի 25-ին, ժ. 20:30-ից 21:30-ը (տեղական ժամանակով): Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունն ու փողոցային լուսավորությունը: Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ: