ԵՄ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության էսկալացիան` ասվում է ԵՄ արտաքին հարցերով գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
«ԵՄ-ն դատապարտում է և չի ճանաչում Ղրիմի ու Սևաստոպոլի անօրինական բռնակցումը ՌԴ-ին։ Մենք շարունակում ենք հաստատուն լինել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը մեր աջակցության հարցում»,- ընդգծել է Մոգերինին։
Նրա խոսքով` հակամարտող կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրման։
«Հակամարտության խաղաղ կարգավորումը միակ հնարավոր լուծումն է։ Դա իր մեջ ներառում է Արևելյան Ուկրաինան, որտեղ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիարժեքորեն մասնակցել Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործմանը»,- նշել է Մոգերինին: