Միջազգային դատարանների կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Համապատասխան մարմինը կգնահատի, թե արդյոք տվյալ դեպքում դատավորի որոշումով նորմի ակնհայտ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսվում են, մենք արդեն մշակել ենք նախագիծը: Շուտով այն հանրային քննարկման կներկայացնենք: Հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերևույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Համապատասխան մարմինը ինքը պետք է գնահատի՝ վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ, իսկ վերջում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի՝ առկա՞ է կարգապահական խախտում, թե՞ ոչ»,- ասաց Բադասյանը: