ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահը:
«Մենք ԵԱՀԿ նախագահ Դաչիչին և գլխավոր քարտուղար Զանիերին ծանոթացրել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին: Մենք բոլորս համաձայնել ենք, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը», — գրել է ամերիկացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին համանախագահները հանդիպել էին նաև աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ու քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մանրամասները: