Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Միշա Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը պատասխանել է Ալոյանի հասցեին հնչած մեղադրանքին՝ դոպինգ-թեստը ձախողելու համար: Կրավցովի խոսքով` Ալոյանը մարզումային հավաքի ժամանակ մրսել է և կաթիլներ է օգտագործել՝ հաղորդում է R-Sport գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ Fancy Bears հաքերային խումբը Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության տվյալների շտեմարանից փաստաթղթեր էր հրապարակել: Փաստաթղթերում նշվում է, որ Ռիոյում օլիմպիական խաղերի վերջին օրը, որտեղ Ալոյանը արծաթե մեդալ է շահել, մարզիկի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել:
Կրավցովը պարզաբանել է, որ մարզիկին արդեն տեղեկացրել են թեստի դրական արդյունքի մասին, նշելով, որ հետաքննությունը շարունակվում է:
Եթե կողմնակալություն չլինի, որևէ որակազրկման մասին խոսք անգամ չի կարող լինել` ընդգծել է Ալոյանի մարզիչը: