«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Տեղեկացվում է, որ նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին: