Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը, այդ ժամանակ արդեն պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները, և նոյեմբերին Բրյուսելում կկայանա կարևոր հանդիպում Հայաստան-ԵՄ մակարդակով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ով հանդիպման էր եկել Գերմանիայի ազգային տոնի՝ 1990 թ. հոկտեմբերի 3-ին երկու Գերմանիաների միավորման առիթով:
«Երկու կողմերն էլ երկխոսության մեջ են և այդ երկխոսությունը չի ընդհատվել, թեև շփումները նախկինի նման հարուստ չեն եղել, այսինքն՝ ինչպես Ասոցացման համաձայնագրի մշակման ժամանակ, բայց դրանք եղել են, և երկու կողմերն այդ ուղղությամբ աշխատել են: Մի փոքր ընդմիջում կար Եվրախորհրդարանի ընտրությունների և Եվրահանձնաժողովի ձևավորման հետ կապված և այդ պատճառով, երևի, հարցը փոքր–ինչ ավելի դանդաղ է ընթանում: Այնպես որ, երկխոսությունը շարունակվում է և մոտ ապագայում՝ նոյեմբերին, Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության և հայկական պատվիրակության միջև: Կշարունակվեն բանակցությունները, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ, որ Մինսկում արդեն կայացած հանդիպումից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը: Եվ եթե արդեն Մինսկում այդ փաստաթուղթը ստորագրված լինի, արդեն նոյեմբերին պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները»,-նշեց Գերմանիայի դեսպանը:
Թե ինչ կբխի դրանից, ձևի առումով դեսպան Մորելլին այնքան էլ չի կարևորում, որքան շփումներն ու երկխոսությունը այն հարցերի շուրջ, թե ինչ է հնարավոր անել, ինչ՝ ոչ:
Tert.am-ի հարցին, թե ինչ կտա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը՝ հնարավորությունների, թե դրանց բաց թողնման առումով, դեսպանը նախ պատասխանեց կարճ՝ «չգիտեմ» բառով, ապա ավելի հանգամանալից պատասխանեց.«Գիտեմ , որ անցյալ տարի սեպտեմբերին ձեր նախագահը ցանկություն հայտնեց միանալու Մաքսսյաին միությանը, որից հետո ձևավորեցին աշխատանքային խմբեր, որոնք մշակեցին համապատասխան տեքստեր այդ միությանը միանալու և հետագա զարգացումների մշակման համար: Բայց երբ կլինի այն պահը, երբ Հայաստանը կանդամակցի, փաստացի հայտնի չէ, ավելի վաղ էլ խոսվում էր տարբեր ժամկետների մասին, բայց դեռևս այդ անդամակցությունը տեղի չի ունեցել: Ես նույն ազդանշաններ եմ լսում կամ նույն ձայները, ինչպես և Դուք, որ այս անգամ այդ անդամակցությունը տեղի կունենա, բայց պետք է սպասել այդ օրվան»:
Մանրամասները՝ tert.am-ում: