Մենք վերլուծում ենք սցենարները և, համենայնդեպս, բոլոր սցենարներով համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Այս մասին նշեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ժողովուրդը զգացել է հաղթանակի շունչը, և այս անգամ էլ կարծում է, որ մարդիկ չեն կարող ձեռքներից բաց թողնել իրենց հաղթանակը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ այսուհետ էլ չեն լինելու ժողովուրդ-իշխանություն հին հարաբերությունները, որոնք մինչ այժմ եղել են, անկախ նրանից՝ ինքը կլինի՞ վարչապետ, թե՞ ոչ. «այն, որ դպրոցականներն են մասնակցում, դա արդեն երաշխիք է, որ ոչ թե 10, 20 տարի այդպես չի լինելու, այլ 100 տարի այդպես չի լինելու: Իսկ որ 100 տարի այդպես չեղավ, ավանդույթն արդեն հավերժ շարունակվելու է, այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում»:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին և սպասելիքներին, պատգամավորը հավելեց. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք և յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողությունները: Եթե պրոցեսն այս ծավալով է տեղի ունենում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենալու, վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում անընդհատ իրավիճակը փոխվում է: Իսկ մեր մարտավարությունը՝ մինչև իշխանափոխություն մեծացնել ճնշումը»: