ՀՀ Կառավարության նիստին մասնակցում են ՀՅԴ նորանշանակ նախարարները: Էկոնոմիկայի նախարար նշանակված Արծվիկ Մինասյանը նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդամենը մեկ ժամ առաջ է նշանակվել նախարարի պաշտոնում, եւ, հետեւաբար, լրագրողներից ժամանակ է խնդրում։
Պատասխանելով հարցին, թե ինչ «հեղափոխական» փոփոխություններ է կատարելու մոնոպոլիզացված տնտեսությունում՝ նշեց. «Ինձ ժամանակ տվեք, ծանոթանամ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետո առաջարկները` հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա՝ կհրապարակենք»: Մինասյանը լրագրողներին խնդրեց աջակցել իրեն այս հարցում:
Մեր դիտարկմանը, թե գաղտնիք չէ, որ տնտեսությունը գտնվում է վատ վիճակում, եւ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում՝ Արծվիկ Մինասյանը արձագանքեց, թե համակարծիք չէ, որ քայլեր չեն ձեռնարկվում: «Կարելի է խոսել դրանց արդյունավետության մասին»,- ասաց նորանշանակ նախարարը: Մեր հարցին, թե կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ է նախարարությունում, Մինասյանը նշեց, թե ընդամենը մեկ ժամ է նշանակվել նախարար, եւ խնդրում է լրագրողներին «չխեղդել» իրեն: