ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներմուծումների ոլորտում վերջին մեկ շաբաթում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունից հետո, ուսումնասիրություններ է կատարել: Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ու առանձին պահանջներ ունեն. դրանք են՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի, մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզվառելիքի ներկրումների ոլորտները: «Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների: Ավարտից հետո սպասում ենք, որ մինչև ոչ շատ ուշ, քան այս շաբաթվա ավարտը մենք կտեղադրենք նաև կայքում: Շարունակական բնույթ է սա կրելու, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների լիարժեք տեղեկատվության ներկայացմանը»,- ասաց նա:
Մինասյանը նաև նշեց, որ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի ցանկացած ապրանքի մասով ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողներն ու քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ հավաքելով տվյալները:
Հիշեցնենք, որ վարչապետի կողմից հանձնարարվել էր ներկրումների ոլորտում մենաշնորհները վերացնելու նպատակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնել, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական ու լիարժեք տեղեկատվություն ստանալ: