Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը որակավորեց որպես երկրում տիրող ամենաթողության վիճակ:
«Արտակը երիտասարդ է, ով իր քաղաքացիական պարտքն է կատարել: Սա ի՞նչ վերաբերմունք է։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ սրանով պետք է վախեցնի հասարակությանը, ապա չարաչար սխալվում է: Նրանք սխալվում են նաև, եթե կարծում են, որ կարող են մեզ խաղի կանոններ թելադրել: Մենք պետք է այս դեպքերին արժանի հակահարված տանք: Մեղավորներին պետք է բերել քաղաքական դաշտ, որովհետև հիմա ժողովուրդը միասնական է: Այս ակցիան ևս ինքնաբուխ է և քաղաքական»,-նշեց ակցիային միացած պատգամավորը:
Իր խոսքում վերջինս նշեց, որ իրենք կհետևեն, որպեսզի մի քանի օրվա ընթացքում այս հարցը լուծում ստանա. «Իրավական մարմինների պարտքն է ապացուցել իրողությունը, հակառակ դեպքում նրանք ցույց կտան, որ անմասն չեն մնացել այս գործից»,-իր խոսքն այսպես եզրափակեց պատգամավորը:
Անդրադառնալով կատարվածինˋ Կառավարության դիմաց հավաքված այլ խմբակցության անդամները ևս նշեցին, որ Արտակ Խաչատրյանին ծեծելը ոչ մի կապ չունի անձնական կոնֆլիկտների հետ, այն բացառապես կապված է տուժածի հասարակական ակտիվության հետ: Ոմանք հատկապես կարևորեցին Արտակ Խաչատրյանի վերջին հայտարարությունները, որով վերջինս դրել էր մի շարք պաշտոնյաների հրաժարականների հարցը:
Վարդուհի Ստեփանյան