Բարեբախտաբար, այսօր հասել ենք նրան, որ Ցեղասպանության ճանաչման մասին խոսում ենք պահանջատիրության տեսանկյունից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Ճանաչման անպտուղ քաղաքականության, հայ-թուրքական հաշտեցման անպտուղ հանձնաժողովից, հայ-թուրքական արձանագրություններից եկել հասել ենք հայեցակարգային տարբերակով հատուցման խնդրին»,- ասաց նա:
Ըստ պատմաբանի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո գալու է հատուցման 100- ամյակը.
«Հիմնական պայքարը պետք է լինի հատուցման ուղղությամբ»,- ասում է նա:
Ա. Մելքոնյանը նշում է, որ հայ ժողովրդի հեռանկարային նպատակը հայրենիքն է, որովհետև հայ ժողովրդին ցեղասպանել են հայրենիքից զրկելու նպատակով: Նա միաժամանակ հավելեց, որ միջազգային իրավունքի տեսակետից, պետք է ստեղծել «հայրենազրկում» նոր նորմը:
Նրա դիտարկմամբ` ճիշտ կլիներ, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում նշված լիներ նաև «Արևմտյան Հայաստան» բառակապակցությունը: