ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին են խաղաղության հեռանկարները Ադրբեջանի հետ:
«Կա բանակցային գործընթացով որևէ հեռանկար, որով հնարավոր կլինի հակառակորդին ստիպելու չկրակել»,- հետաքրքրվեց Հանրապետական պատգամավորը:
«Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերցվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին այդ գործողությունների արդյունքում»,- պատասխանելով հարցին՝ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հավելեց, որ այսօր միջազգային հանրության, եռանախագահող երկների ջանքերն ուղղված են հետևանքների վերացմանը, ապրիլյան գործողությունների կրկնությանը:
Նախարարն ասաց՝ Հայաստանը չի հրաժարվել եւ երբեք չի հրաժարվի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց, պարզապես այժմ, երբ չկան համապատասխան պայմաններ, դժվար է բանակցություններ վարել:
«Ադրբեջանի ցանկությունն է ներկայացնել, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից: Հայաստանը երբեք դուրս չի եկել բանկցակային գործընթացից, միշտ կողմ է եղել միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը»,- շեշտեց նախարարը՝ ընդգծելով նաեւ, որԱդրբեջանի փորձերն ապարդյուն են՝ ուղղված 1994թ-ի եռակողմ, անժամկետ զինադադարի չեղարկմանը:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասաց, որ ժամանակն է՝ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի եւ կարգի հրավիրի Ադրբեջանին, որպեսզի վերսկսվի բանակցային գործընթացը: