ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը մեկը մեկից հարուստ տեղակալներ ունի: Նրանցից մեկը՝ Ռոբերտ Ղազարյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է դրամական միջոցներ՝ 5 միլիոն դրամի, 140 հազար ԱՄՆ դոլարի, 8 հազար ֆունտ ստեռլինգի եւ 55 հազար եվրոյի չափով: ԴԱՀԿԾ պետի տեղակալը նախորդ տարի յոթ տեղից եկամուտ է ստացել, ընդհանուրը՝ 12,8 միլիոն դրամի, 625 եվրոյի եւ 20 հազար 499 ԱՄՆ դոլարի չափով: Սրանից 5,1 միլիոն դրամը նրա տարեկան աշխատավարձն է, 2,1 միլիոն դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար, 20 հազար դոլարը՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված փող, մնացածը՝ վարկեր:
Ռոբերտ Ղազարյանի կինը՝ Աննա Միքայելյանը, հայտարարագրել է 12 միլիոն դրամի, 125 հազար ԱՄՆ դոլարի, 12 հազար ֆունտ ստեռլինգի եւ 60 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ: Տիկինը նախորդ տարի նախանձելի եկամուտ է ունեցել. նա 60 հազար ԱՄՆ դոլարի եւ 5 միլիոն ՌԴ ռուբլու չափով նվիրատվություն է ստացել, 766 հազար դրամի չափով՝ փոխառություններից ստացված տոկոսներ՝ այսպիսով, Հայաստանի պայմաններում կլորիկ եկամուտ գրանցելով: Այն դեպքում, երբ Աննա Միքայելյանի տարեկան աշխատավարձը կազմում է 1,3 միլիոն դրամ, այսինքն՝ ամսական մոտ 100 հազար դրամ:
ԴԱՀԿԾ պետի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը իր պաշտոնին է 2011 թվականի հունվարի 27-ից: