Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների զանգվածային հոսքը դեպի Եվրոպա ստիպում է Եվրամիությանը փոխել իր հարևանության քաղաքականությունը, գերմանական «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք պետք է ամբողջությամբ այլ հարևանության քաղաքականություն վարենք»,- ընդգծել է Մերկելը՝ չմանրամասնելով, թե ինչ քաղաքականության մասին է խոսքը, ինչը պետք է փոխվի: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն հարևան պետություններում կայունության հաստատմանը: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ կբարձրացվի Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը:
Նշենք, որ Եվրամիության հարևանության քաղաքականությունը իրականացվում է 2003թ.ից և վերաբերում է 18 պետության՝ Ալժիր, Թունիս, Սիրիայից մինչև «Արևելյան գործընկերության» երկրներ՝ Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան և Բելառուս: