ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջիններից էր, որ տեղեկացավ Բերձորում հունվարի 30-ին տեղի ունեցած դեպքերի մասին: Նա փորձել է այդ մասին տեղյակ պահել երկրի առաջնորդներին, բայց միակ պատասխանը ստացել է ՀՀ վարչապետից:
«Տեղեկացա, որ սադրանք է սպասվում` մի խումբ մարդիկ գնացել են ընդառաջ: Իրենց ասացի, տեղյա՞կ եք, որ ձեզ թույլ չեն տալու մտնել Արցախ: Իրենք ասացին, որ, եթե թույլ չտան, հետ են գալու: Այնուհետև ես նրանցից զանգ ստացա, բայց խոսել չհաջոցվեց, քանի որ աղմուկ-աղաղակ էր: Միայն լսեցի. «Պարույր, մեզ ջարդում են»,- պատմեց Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նա, իմանալով, թե ինչ է կատարվում Բերձորում, զանգահարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ով, սակայն, իրեն հետ չի զանգահարել: Այնուհետև փորձել է կապ հաստատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս անգամ ևս պատասխան չստանալով` Հայրիկյանը զանգահարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Միակ արձագանքը եղել է վերջին հեռախոսազանգից: Վարչապետը խոստացել է անել ամենն, ինչ կախված է իրենից:
Հայրիկյանը կարծում է, որ իրավիճակը կարող է ինչ-որ չափով կարգավորվել, եթե հրապարակային ներողություն խնդրեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից:
Պարույր Հայրիկյանի համոզմամբ` տեսակետը, թե անհրաժեշտություն չկար արցախահայերին խառնել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սխալ դիրքորոշում է:
«Պետք չէ Արցախի ժողովրդին ստորադասել մարդու իրավունքների տեսանկյունից: Հաջողակ են այն պետությունները, որոնք նույնիսկ ամենավատ պայմաններում չեն ոտնահարում մարդու իրավունքները»,- ասում է Հայրիկյանը: