Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տաքսու լիցենզավորման փոփոխությունների մասին խոսեց նաև «Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը: Վերջինս հայտնեց այն կարծիքը, որ լիցենզավորման փոփոխությունները ձեռնտու են անհատներին, բայց ոչ կազմակերպություններին:
«Եթե լիցեզնիայի արժեքը ամսական 12 000 դրամ է անհատների համար, ապա կազմակերպությունների համար այն 30 000 է, որը տարեկան կազմում է 200 000 դրամ: Մեզ համար լրացուցիչ բարդություններ են ավելանում նաև դեղին համարանիշները սպիտակներով փոխարինելու դեպքում, քանի որ դեղինների վերանալու դեպքում տուգանքը ոչ թե գալու է ֆիզիկական անձի տվյալներով, այլ այն անձի, ում, տեխանձնագրով, պատկանում է մեքենան»,-նշեց բանախոսը:
Վերջինս ընգդծեց, որ մտահոգիչ է համարում այն հանագամանքը, որ անհատ տաքսիստների թիվը կավելանա, փոխարենը կնվազի տաքսի ծառայությունների քանակը, քանի որ մարդիկ կնխաընտրեն իրենց անձնական մեքենաները վարել և վճարել ամսական 12 000 դրամ՝ լիցենզիայի համար, որի արդյունքում մի շարք կազմակերպություններ կլուծարվեն: Միևնույն ժամանակ, բանախոսը նկատեց, որ կազմակերպությունների թվի նվազումը բացասական հետևանքներ կունենա:
«Ամեն դեպքում կազմակերպությունը մեծ նշանակություն ունի, որովհետև կազմակերպությունը մի շարք պայմաններ է առաջարկում, ինչպես, օրինակ, եթե վարորդը չի միացրել հաշվիչը, ապա ուղևորը իրավունք ունի չվճարելու, կամ էլ կարող է զանգահարել մեքնենայի վրա փակցված համարով և բողոքել, ինչը չի կարող անել անհատի դեպքում»,-նշեց նաˋ հավելելով, որ օրենքի փոփոխությունը առավելապես բացասական է ազդելու տաքսի ծառայությունների գործունեության վրա:
Վարդուհի Ստեփանյան