տուն Լուրեր Մի´ լսեք, թե մարդիկ ինչ են անում, Երեւանի տոնը պե՛տք է նշվի....

Մի´ լսեք, թե մարդիկ ինչ են անում, Երեւանի տոնը պե՛տք է նշվի. Լեյլա Սարիբեկյանը դեմ է քաղաքացիական նախաձեռնությանը

201
0

04-13-2-3

ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը դեմ է, որ Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրվի սահմանամերձ բնակավայրերից մեկին: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց երգչուհին:

Վրդովված է քաղաքացիների նախաձեռնությունից, ասում է՝ պետք չէ կապել մեկը մյուսի հետ. «Սա մեր քաղաքի տոնն է, մեզ համար սրբություն է, աշխարհի հայության քաղաքի տոնն է: Ինչո՞ւ մենք պետք  է միայն սգո օրեր ունենանք, թշնամուն էլ ուրախացնենք, որ սգո՞ւմ ենք»:

Վաստակավոր արտիստը դժգոհում է, որ «արվեստի գործիչները միայն հարսանիքներին են երգում», իսկ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունը համարում է, որ դա  հնարավորություն է համերգով հանդես գալու.  «Մենք, որպես արվեստի մարդիկ, այս երկրում պե՞տք է ունենանք համերգներ, թե ՞ երգիչները միայն հարսանիք, ծնունդ, կնունք պետք է երգեն»:

Երգչուհին վստահեցնում է՝ եթե պետք լինի սահման էլ կգնան, ամեն ինչ էլ կանեն: Նյարդայնացած  կրկնում է՝ «չի կարելի մեկը մյուսի հաշվին անել». «Մենք սահմաններում ենք տարին 12 ամիս, երգում ենք, ծառայում ենք հավասար: Մի´ լսեք, թե մարդիկ ինչ են անում… Պե՞տք է՝  մենք սահման էլ կգնանք, ամեն ինչ էլ կանենք, բայց սա մեր քաղաքն է հասկանո՞ւմ եք: Ես չգիտեմ՝ գումարների հետ կապված ինչ է, բայց մեզ՝ երգիչներիս,  առանձնապես մեծ գումարներ չեն տալիս, շատ փոքր գումարներ են մեզ տալիս, բայց քանի որ մեր քաղաքի տոնն է, մենք երգում ենք մեր ժողողրվի համար: Ինչո՞ւ եք դուք այդքան չարացած այդ ամեն ինչի դեմ»:

Հարցին՝«ինչո՞ւ եք դուք այդքան չարացած» ասելով ում նկատի ունի՞, երգչուհին պատասխանում է. ««Դուք»՝ նկատի ունեմ… Ես չեմ հասկանում, երբ լինում են մշակութային լավ իրադարձություններ, կարելի՞ է դրա դեմ խոսել, ինչի՞ համար, իմաստը չեմ հասկանում: Մեզ հաստատ այդ տոները պետք են»:

Երգչուհին է՛լ ավելի է վրդովվում, երբ հարցնում ենք՝ հնարավոր չէ՞ այդ օրն էլ անվճար համերգով հանդես գալ. «Հիմա լսեք, թե ձեզ ինչ եմ ասում։ Ես ու իմ ընկերները՝ Դավիթ Ամալյանը, Մրոն (Արսեն Գրիգորյան), Մակիչը ( Մկրտիչ Մկրտչյան) անվճար համերգներ ենք տալիս սահմաններից մեկ կիլոմետր այս կողմ, մենք անընդհատ դրա մեջ ենք, անընդհատ: Բացի դա՝  մշակութային իրադարձություններ եթե լինեն, որոնք շատ ավելի կարևոր են, մեր ներդրումն ունենում ենք: Սահմանամերձ գոտի նաեւ այս երկրում է, այսինքն՝ Երևանը, որտեղ այնպիսի հոգևոր ընկճախտ է, այ սրա մասին պետք է մտածենք: Սահմանը կկորցնենք ընդհանրապես, եթե այսօր հոգևոր դեգրադացման ենք գնում: Երևանի տոնը ոչ մեկի չի խանգարում, եկեք տոներ ունենանք, չարությամբ չլցվենք: Որևէ մեկը թող չզարմացնի, այսօր որոշել են բարեգործությամբ հանդես գալ, մենք դրանով զբաղվում ենք տարին 12 ամիս»:

Նշենք՝ ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացել է արդեն 3500-ից ավելի մարդ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել միջոցառումները եւ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերին: