ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 32 միլիոն 500 հազար դրամ, կառավարական թիվ 3 շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ելնելով հրատապությունից՝ առաջարկվում է գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե երբ են նախարարությունները տեղափոխվելու:
Արման Սահակյանն ասաց, որ խնդրել է նախարարներին՝ ամենաուշը միչև երկուշաբթի ազատած լինեն շենքը:
«Բացառված է՝ երկուշաբթի ազատած չլինեն, որովհետև մենք պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Արման Սահակյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է Էրեբունի Պլազա ՍՊԸ-ի վարձակալած տարածքի ժամկետի փոփոխություն, քանի որ Կառավարական թիվ 2 նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով ՀՀ սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից, ազատել է տարածքը:
Վարչապետը հարցրեց, թե տարեկան ինչքան վարձավճար են տալիս, Սահակայանն ասաց՝ մոտավորապես 82-83 մլն դրամ:
«Երեկ եղել եմ մի քանի շենքերում, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում: Մենք ունենք բազմաթիվ շինություններ, որոնք գտնվում են բարձիթողի վիճակում, չենք օգտագործում մեր նպատակներին: Հարկավոր է, որ նախարարությունները այդ հարցին անդրադառնան, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչությունների ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում:
Քայքայված, թալանված, կոտորած. երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել: Այդ շենքերը մեր սեփականությունն են, պետական սեփականություն են, մի քիչ վերանորոգենք, թող գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան վարձով նստեն այլ տարածքներում»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով գույքագրել, թե որ գերատեսչություններն են տարածքներ վարձակալում: