տուն Լուրեր Մի քանի հետևություններ 2017թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ

Մի քանի հետևություններ 2017թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ

130
0

d478d069a46906be95be9da941a010a4

2017 թվականի պետական բյուջեի նախագծով, եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն՝ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, որտեղ բյուջեի դեֆիցիտը կկազմի՝ 150,1 միլիարդ դրամ: Նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:

Բյուջեի նախագիծը համեմատենք 2016 թ.-ի հաստատված պետական  բյուջեի ցուցանիշների հետ, որպիսի տեսնենք, թե որ ոլորտների կրճատումների հաշվին է այս տարի նախատեսում խնայել Կառավարությունը, կամ որոնք ենք «տուժող», «չտուժող» և «շահող» ոլորտները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

1. Նախ եկամուտների մասով՝ 2016 թ.-ի հաստատված պետական բյուջեի համեմատ եկող տարվա բյուջեի եկամուտները աճելու են 24 միլիարդ դրամով, իսկ ծախսերը նվազելու են՝ 17 միլիարդ դրամով: Մոտ 41 միլիարդ դրամով նախատեսված է, որ նվազելու է նաև պակասորդը, հիշեցնենք, որ պակասորդը 2016 թ-ին նախատեսված էր՝ 191 միլիարդ դրամ:

2. 2017 թ.-ի բյուջեի նախագծում, եկամուտների աճը նախատեսված է հիմնականում հարկային եկամուտների և պետական տուրքի ավելացման հաշվին՝ մոտ 6 միլիարդ դրամով, ինչպես նաև «այլ եկամուտների» ավելացման հաշվին՝ մոտ 18 միլիարդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհների պահով եկամուտների աճ չի նախատեսվում:

3. «Չտուժող» ոլորտներն են, այսինքն գրեթե նույն մակարդակի կամ ոչ մեծ չափով են փոփոխվելու՝ «պաշտպանության ոլորտի և հասարակական կարգի», «անվտանգության և դատական գործունեության ոլորտների», «առողջապահության», ինչպես նաև «հանգիստ, մշակույթ և կրոնի» ծախսերը: «Սոցիալական պաշտպանության» հատկացումները աճելու են 3,5 միլիարդ դրամով, իսկ «կրթության ոլորտի» ծախսերը նվազելու են՝ 3,4 միլիարդ դրամով: «Կրթության» ծախսերը նախատեսվում են՝ 128,7 միլիարդ դրամ, իսկ «սոցիալական պաշտպանության» հատկացումները կազմելու են՝ 408,8 միլիարդ դրամ:

4. «Շահող» ոլորտներն են կամ աճելու են՝ «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների», ինչպես նաև զգալիորեն՝ մոտ 1,7 անգամ «շրջակա միջավայրի պաշտպանության» ծախսերը: Այստեղ հետաքրքիր է, որ այստեղ «աղբահանման» խմբի հատկացումները կազմելու են մոտ 5 միլիարդ դրամ, նախկին 35 միլիոն դրամի փոխարեն, սակայն զարմանալիորեն կրկնակի չափով նվազել են՝ «կենսաբազմազանության և բնության պաշտպանություն» խմբի հատկացումները, 1,25 միլիարդ դրամ, որը 2016 թ.-ի համար նախատեսվել էր՝ 2,8 միլիարդ դրամ:

5. Ինչպես նշեցինք, եկող տարի 15 միլիարդ դրամով աճելու են «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» համար նախատեսվող ծախսերը (այն կկազմի 276,5 միլիարդ դրամ), որը հիմնականում ավելանալու է պետական պարտքի գծով գործառնությունների՝ 20 միլիարդ դրամ ավելացման հաշվին: Միաժամանակ՝ այստեղ 8 միլիարդ դրամով նախատեսվում է նվազեցնել օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման մարմինների ծախսերը:

6. Ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, եկող տարի զգալիորեն նվազելու են կամ այսպես կոչված «տուժող» ոլորտներն են՝ «տնտեսական հարաբերությունների» և «բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների» ոլորտները:

7. «Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների» ոլորտին հատկացված ծախսերը կրճատվելու են հիմնականում «Ջրամատակարարման» խմբի ծախսերի կրճատման հաշվին, որը կկազմի մոտ 14 միլիարդ դրամ:

8. «Տնտեսական հարաբերությունների» բաժնի հատկացումները կրճատվելու են մոտ 22 միլիարդ դրամով, որը հիմնականում կկրճատվի «գյուղատնտեսության»՝ 5 միլիարդ դրամ, «վառելիք և էներգետիկա» 8,5 միլիարդ, «տրանսպորտ» 9 միլիարդ դրամ խմբերի հատկացումների կրճատման հաշվին: Այս բաժնի հատկացումները նախատեսվում է, որ կկազմի՝ 92,8 միլիարդ դրամ:

9. 2017 թ.-ի բյուջեի նախագծում՝ ծախսերի 47,7% -ը ուղղված կլինի սոցիալ-մշակութային ճյուղերի վրա, 21,2%-ը պաշտպանություն, ազգային անվտանգություն, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգերի վրա, 8,4%-ը տնտեսության ճյուղերի վրա, 8,8%-ը պետական պարտքի սպասարկման վրա, իսկ 3,6%-ը տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն վրա, ֆինանսական համահարթեցման դոտացիաների և այլ դոտացիաների տեսքով:

10. Ըստ 2017 թ.-ի բյուջեի նախագծի բյուջետային ծախսերի տնտե­­սագի­տա­կան դա­­սա­կարգ­ման, «աշխատանքի վարձատրությունը» կկազմի 131,5 միլիարդ դրամ, որը կնվազի 3 միլիարդ դրամով: Կնվազի նաև «ծառայությունների և ապրանքների ձեռք բերման ծախսերը» 2,5 միլիարդ դրամով, կազմելով՝ 119,8 միլիարդ դրամ: Այս բաժնում իր հերթին, փոքր չափով նվազելու է նաև «գործուղումների և շրջագայությունների» ծախսեր, որը եկող տարի կկազմի 3,8 միլիրադ դրամ, այս տարվա 4,2 միլիարդի փոխարեն:

11. 5 միլիարդ դրամով կրճատվելու են նաև սուբսիդիաները, որը կկազմի 117,5 միլիարդ դրամ, սակայն զգալիորեն՝ 20 միլիարդ դրամով աճելու են տոկոսավճարները՝ որը կկազմի 119 միլիարդ դրամ: Սրա աճը պայմանավորված է պետության պարտքային պարտավորվածությունների սպասարկման ծավալների աճով: Դրամաշնորհները կմնան նույն մակարդակի, կազմելով՝ 133 միլիարդ դրամ, իսկ սոցիալական նպաստները և կենսաթոշակները՝ կավելանան 4 միլիարդ դրամով, հասնելով 417,1 միլիարդ դրամի:

12. «Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» կնվազեն 24 միլիարդ դրամով և կկազմեն 95,5 միլիարդ դրամ: Այստեղ 24 միլիարդը հիմնականում կնվազի՝ «շենքերի և շինությունների շինարարություն» և «կապիտալ վերանորոգում» խմբերի, ինչպես նաև «այլ մեքենաներ և սարքավորումներ» հատկացումների խնայողության հաշվին: