տուն Լուրեր Ինչպես Հասմիկ Համբարձումյանը գիշերը մենակ թողեց երեխային, եւ ինչո՞ւ էր Մհեր Արշակյանը...

Ինչպես Հասմիկ Համբարձումյանը գիշերը մենակ թողեց երեխային, եւ ինչո՞ւ էր Մհեր Արշակյանը սպիտակ վարդերը թողել լվացարանում

146
0

 

has1

Մարտի ութը աշխատանքային օր չէ, բայց ոչ լրագրողների համար: Ինչպես բոլոր տոնական օրերին, այսօր եւս լրագրողներն աշխատում  են, ընթերցողներին, հեռուստադիտողներին, եւ ռադիոունկնդիրներին մատուցում  օրվա կարեւոր իրադարձությունների  համառոտ նկարագիրը: Այսօր մամուլի էջերում թերեւս կգերակշռի շնորհավորական նյութերը:

Լրագրողները միշտ իրադարձության  վայրում են, իսկ ինչպիսին են մայր- լրագրողները աշխատանքից դուրս: Մարտի ութը լավագույն առիթն է զրուցելու հենց մեր գործընկերների հետ: Այս անգամ ոչ թե իրենք են հարցեր տալիս, այլ պատասխանողի դերում են:

Մասնագիտությամբ լրագրող, շարքի առաջին զրուցակիցը Հասմիկ Համբարձումյանն է: Երկու երեխաների մայր է: Հասմիկի ընտանիքում միայն ինքը չէ, որ լրագրությամբ է զբաղվում: Մհեր Արշակյանը՝ Հասմիկի ամուսինը եւս լրագրող է: Մի ընտանիքում երկու լրագրող… գուցե շատ է, բայց Հասմիկն հակառակն է պնդում:

Լրագրող – մայր: Մեզ հետ զրույցում Հասմիկն անկեղծանում է մայր լինելը որոշակի խոչընդոտներ է ստեղծում մասնագիտական պարտականությունները կատարելիս: Շտապենք տեղեկացնել խոսքը հաճելի խոչընդոտների մասին է, որոնք մեր գործընկերը հաղթահարում է:

Հասմիկ  որպես լրագրող- մայր, որքանով է խոչընդոտում ծնող լինելը  մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Ոչ միայն լրագրության, այլ իմ կարծիքով ցանկացած ասպարեզում էլ ընտանիքը որոշ արգելքներ ստեղծում է այն առումով, որ լիարժեք չի լինում սիրած գործիդ նվիրումը ու դա արդեն կիսում ես մեկ այլ նվիրականի` ընտանիքի հետ: Այս վերջինը պահանջում է առավելագույն խնամք, ուշադրություն, ժամանակ: Անկեղծ ասեմ, որոշ խոչընդոտներ ստեղծում է մայր լինելը, բայց հաճելի խոչընդոտ է, որովհետև կողքիս են ձագուկներս, ամուսինս: Ի դեպ, մեզ` լրագրողներիս հատուկ «դրայվն» էլ անպակաս` վազում եմ գործից տուն, ճանապարհին «հավաքելով» (դպրոցից, դայակից) տնեցիներին ու անցնում կենցաղային գործերին: Այս ընդհանուր օրինաչափությունից  դուրս, ճիշտ է, հաճելի բացառություններ ևս պատահում են:

Ինչպես արդեն նշեցինք Հասմիկի ընտանիքում եւս մեկ լրագրող կա: Մեր գործընկեր Մհեր Արշակյանը:  Ամուսիններին հաճախ ենք տեսնում Ազգային Ժողովում (խորհրդարանում հավատարմագրված լրագրողներ են): Հիմնականում առանձին են գալիս, քիչ խոսում իրար հետ քննարկումներ  գրեթե չեն անում:

Լրագրող ամուսիններն արդո՞ք քաղաքականությունը տեղափոխում են տուն:

Հասմիկ ձեր ընտանիքում եւս մեկ լրագրող կա,  աշխատանքից դուրս աշխատանքի մասին հաճախ ե՞ք խոսում, քննարկումներ անում, նաեւ վիճում:

Մհերն ինձ համար սկզբում ուսուցիչ էր, հետո դարձավ ամուսին, հիմա գործընկեր ամուսիններ ենք: Հիմա էլ իմ նյութերին ամենակարևորն ինձ համար Մհերի գնահատականն է: Իսկ աշխատանքից դուրս հետաքրքրվում ենք` ով ինչ է արել, փոքրիկ հաշվետվություն ներկայացնում իրար: Տանն «աշխատանքային քննարկումներ» էլ ենք ունենում` էս գործիչն էս հայտարարությունն արեց, մյուսն արձագանքեց և այլն, ու դրանք հաճախ ավարտվում են վեճով: Մեկ-մեկ ինքս ինձ խոստանում եմ գործը տուն չբերել, բայց, անկեղծ, դեռ չի ստացվում:

Հասմիկն երկու աղջիկների մայր է: Տարբեր իրադարձություններ լուսաբանելիս, մեկ – մեկ լսում ենք, թե ինչպես է Հասմիկը պատմում իր աղջիկներից: Դեմքն այդ պահին ավելի է պայծառանում: Երկու գեղեցկուհիների մայրիկը, խոստովանում է կյանքը փոխվեց երբ լույս աշխարհ եկան նրա դուստրերը:

Ինչ փոխվեց ձեր կյանքում, երբ լույս աշխարհ եկան  ձեր բալիկները:

Հիմա ինչ ասեմ, կթվա ստանդարտ, բայց շատ բան է փոխվում` ավելի լուսավոր է դառնում օրդ, աշխույժ, արթնանում ես, կողքիդ ժպտուն աչքերով քնած փոքրն է ավելանում, պարտականություններդ են մեծանում ու էդպես շարունակ: Արսինեն` փոքրը, ամբողջացրեց մեզ:

Հասմիկն արդեն նշել էր, մասնագիտությունը երբեմն խոչընդոտներ  է ստեղծում: Այստեղ հիշում ենք լրագրողի կյանքը: Երբեք չգիտես, որտեղ կլինես, որ ժամին եւ ինչ իրադարձություն կլուսաբանես: Հասմիկը բացառություն չի կազմում:

Եղել է իրավիճակ, երբ ստիպված եք եղել թողնել երեխաներին մենակ տանը, եւ շտապել իրադարձության վայր:

Այո, մեկը շատ լավ եմ հիշում. Այն ժամանակ երեխան մեկն էր, կեսգիշերն անց, թողեցի քնած ու վազեցի հիվանդանոց, որտեղ հրազենային վիրավորումով տեղափոխվել էր Պարույր Հայրիկյանը: Նրա դեմ, հիշում եք, մահափորձ էին կատարել:

Մասնագիտությունը Հասմիկին մի փոքր խիստ է դարձրել: Այո լրագրությունում փափուկ լինել չի հաջողվում:

Ինչպիսի մայր եք:

Այս հարցի պատասխանը, Փայլակ ջան, Մհերը և երեխաները կտան: Մարիամիկը, վստահ եմ, կասի խիստ մամա եմ: Դե, մեղմ, հանգիստ ու համբերատար Մհերի համեմատ, ես իհարկե, խիստ կլինեմ :

Սպիտակ վարդեր, ահա թե ինչ նվեր է մատուցել մեր գործընկեր Մհերը՝ լրագրող կնոջը: Հասմիկն այդ նվերը խոստովանում է երբեք չի մոռանում:

has2

 

Ինչ նվեր է մատուցել լրագրող ամուսինը ձեզ, որը  կհիշեք թերեւս ամբողջ կյանքում:

Մհերը դժվար հիշի, բայց ես շատ լավ եմ հիշում: Ընկերուհիներիս պատմում էի, ծիծաղում էինք: Նրա նվիրած միակ ծաղիկները` սպիտակ վարդերն եմ հիշում: Բա նվիրելու ձևը` մտնում եմ տուն, ինձ տանում է բաղնիք ու ցույց տալիս լվացարանի մեջ դրված սպիտակ վարդերը: Նա հմուտ չէ նվերներ տալու հարցում, չունի երակայություն և ամենակարևորը` ճաշակ: Տալիս է գումար, ես ինձ համար գնում եմ այն, ինչ պետք է: Որոշ ժամանակ փորձում էի փոխել նրան, բայց հասկացա` անիմաստ է: Ի վերջո, ինքը նաև այդպես է ինձ սիրելի:

Իսկ քանի որ լրագրողների մեծ մասն ամուսնացած չէ, Հասմիկը խորհուրդ է տալիս առանց երկար մտածելու ամուսնանալ: Խոսքն ուղղում է հատկապես աղջիկ լրագրողներին, եթե սիրում եք լրագրողի, ուրեմն երջանկությունը կայացած է: Լրագրողը՝ լրագրողին թերեւս ճիշտ կհասկանա:

Ձեր շնորհավորական խոսքը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, նաեւ այն լրագրողուհիներին, ովքեր դեռեւս չեն կայացրել իրենց կյանքի «ճակատագրական» որոշումը:

Կանանց տոնի առթիվ մաղթում եմ, որ կանայք միշտ ժպտան, լինեն սիրված ու շրջապատված ուշադրությամբ: Իսկ հատուկ լրագրող գործընկերուհիներիս կասեմ հետևյալը` եթե ունեք լրագրող սիրելի, առանց մտածելու ամուսնացեք նրանց, հետ: Նրանք ձեզ լավագույնն են հասկանալու, քան այլք: Իսկ եթե չունեք, փնտրեք նրանց մեջ Ձեր երկրորդ կեսին ու թող այդ փնտրտուքը երջանիկ ելքով ավարտվի:

Փայլակ Ֆահրադյան