տուն Լուրեր ՀՀԿ չինովնիկները՝ մի ձեռքին օճառ, մյուսին՝ վազելին, առիթը բաց չեն թողնում գովերգելու...

ՀՀԿ չինովնիկները՝ մի ձեռքին օճառ, մյուսին՝ վազելին, առիթը բաց չեն թողնում գովերգելու իրենց կուսակցապետին

90
0

Տնտեսական հետընթաց, խայտառակ գնաճ, արտագաղթ, քաղաքական ոչ էական զարգացումներ: Անցնող 2017 թվականը կարճ  գնահատելով` Araratnews.am-ին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ կարեւորագույն իրադարձություն էր մեզ համար Ազգային ժողովի ընտրությունները: Սրանք եզակի համապետական ընտրություններ էին մեզ համար, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018 թվականի ապրիլից Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման մոդելի, եւ չնայած հասարակության դժգոհությանը իշխանություններից, ՀՀԿ-ին հաջողվեց դարձյալ ձեւավորել պարզ մեծամասնություն, իհարկե, ֆիկտիվ կոալիցիան ՀՅԴ-ի հետ շարունակվում է գոյություն ունենալ: ՀՀԿ-ն կարող էր միայնակ  էլ կառավարություն ձեւավորել, եւ դա պարզ է»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե 2018-ի գլխավոր ինտրիգը` ո՛վ կլինի Հայաստանի վարչապետ, արդյոք երկա՞ր կպահպանվի, ի պատասխան Համբարյանն ասաց, թե գուցե մինչեւ մարտ իշխանություններն այդ ինտրիգը պահեն: «Միեւնույն ժամանակ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ՀՀԿ-ն հանրության ուշադրությունը կենսական նշանակության հարցերից շեղում են եւ շոուներ են կազմակերպում: Սա քաղաքականության մեջ կոչում են կեղծ օրակարգ, երբ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ վարչապետ դառնալու է Սերժ Սարգսյանը, այս պահի դրությամբ գոնե այլ թեկնածու չկա: Բացի այդ, նույն Սերժ Սարգսյանն է ակնարկել, որ ցանկություն ունի մնալու քաղաքականության մեջ եւ դեռ մտածում է վարչապետ լինելու մասին»,- ասաց Համբարյանը, հավելելով, որ, ըստ սցենարի, ՀՀԿ-ի տարբեր տրամաչափի չինովնիկներ սկսեցին գովեստի խոսքեր շռայլել Սարգսյանի հասցեին, թե նա անփոխարինելի է, եւ, որոշ չափով նաեւ ինտրիգ պահպանելով, նշում են նաեւ Կարեն Կարապետյանի անունը: «Բայց իրականում այս պահի դրությամբ միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ տեղի ունեցող զարգացումները շոու են»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Նա գտնում է, որ Հայաստանում կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել, օրինակ` գնաճը, կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ իշխանությունը կեղծ օրակարգ է ստեղծել, մինչդեռ վարչապետի հարցը վաղուց լուծված է:

Գագիկ Համբարյանը ՀՀԿ-ն կուսակցություն չի համարում: Նրա խոսքով` այն ավելի շատ ակումբ է, որի մեջ ներգրավված է քաղաքական էլիտան: «Այդ ակումբն ունի մի քանի բեւեռ, եւ այդ բեւեռներն իրար միացնողը Սերժ Սարգսյանն է, հենց սրանով է պայմանավորված, որ այս կուսակցությունը կա: Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներ չգիտեն իրենց կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը, ինչ քաղաքական գիծ ունի այն: Այս մակարդակով մենք թեւակոխում են պառլամենտարիզմ»,- նկատեց քաղաքագետը:

Համբարյանի գնահատմամբ՝ քանի դեռ ՀՀԿ-ն իր  ձեռքում է պահում իշխանությունը, չի կարող դեգրադացվել, քանի որ կգտնվեն անձինք, ովքեր կանդամակցեն այդ կուսակցությանը` իրենց ծառայությունը մատուցելով: «Եթե շատ դեպքերում այդ կուսակցությունը Երեւանում ունի իր էլիտան, ապա մարզերում՝ ոչ: Եթե ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հանրաճանաչ կաշառակեր Սահակ Մինասյանն է, ապա դա խայտառակություն է»,- ասաց նա:

Ի դեպ, ՀՀԿ տարբեր տրամաչափի չինովնիկներ առիթը բաց չեն թողնում գովերգելու իրենց կուսակցապետին: Գագիկ Համբարյանն այս առումով իր մեկնաբանությունն ունի. «Սա արջի ծառայություն է նույն հանրապետության նախագահին եւ ավելորդ է նրա համար եւ շատ վատ է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալ եւ մի ձեռքին  օճառ, մյուսին՝ վազելին, հետույք մտնելու գործով են զբաղված, ամո՛թ է…»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Փայլակ Ֆահրադյան